Գիտնականներն ուսումնասիրել են նեանդերթալցիների ԴՆԹ-ն, որը պարզել է, որ մեր հեռավոր նախնիները նախընտրել են որքան հնարավոր է նստակյաց կյանք վարել

Պատմական տվյալներից ենթադրվում է, որ դեռեւս 650 հազար տարի առաջ բաժանվելով երկու ճյուղի՝ նեանդերթալցիների եւ ժամանակակից մարդու նախնիները բնակություն են հաստատել աֆրիկյան մայրցամաքում

Գիտնականներն ուսումնասիրել են Եվրոպան եւ Ասիան բնակեցրած նեանդերթալցիների ԴՆԹ-ն, որը պարզել է, որ մեր հեռավոր նախնիները նախընտրել են որքան հնարավոր է նստակյաց կյանք վարել։ Հետազոտության տվյալների հիման վրա գիտնականները ենթադրել են, որ հնագույն մարդիկ գրեթե չեն փոխել բնակության վայրը եւ այդ առնչությամբ չափազանց հազվադեպ են հանդիպել հարազատների հետ։ Տարբեր տեղերում բնակություն հաստատած սակավաթիվ պոպուլյացիաները չվերանալու շանս գրեթե չեն ունեցել, տեղեկացնում է Planet-today-ը։

Պատմական տվյալներից ենթադրվում է, որ դեռեւս 650 հազար տարի առաջ բաժանվելով երկու ճյուղի՝ նեանդերթալցիների եւ ժամանակակից մարդու նախնիները բնակություն են հաստատել աֆրիկյան մայրցամաքում եւ Երկրի եվրոպական ու ասիական մասերում։ Ի դեպ, ժամանակակից մարդու գենոմը պարունակում է  հնագույն նեանդերթալցիների գեների 2-3 տոկոսը։

Մասնագետներին հետաքրքրել է տարբեր վայրերում բնակված նեանդերթալցիների շփումը միմյանց հետ։ ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման «հանդիպումներ» գրեթե չեն եղել։ Եթե նեանդերթալցիները կապի մեջ մտնեին ոչ թե մերձավոր ազգականների, այլ օտար պոպուլյացիաների մարդկանց հետ, գուցե դա երկարացներ նրանց գոյությունը Երկրի վրա։

Այս հայտնագործությունը հերքում է գիտնականների՝ ավելի վաղ ունեցած վարկածը պոպուլյացիայի բազմաթիվ բնակավայրերի, նրանց միջեւ շփումների եւ այլ իրադարձությունների մասին, որոնք կարող էին տեղի ունենալ վերաբնակեցումների պատճառով։