Մասնագետներն ատամներ աճեցնելու մեթոդ են հայտնաբերել

Մարդու ատամներին լիարժեք համապատասխանող իմպլանտները, անկասկած, շատ ավելի լավը կլինեն, քան տիտանից պատրաստվածները

Ռուս ու ճապոնացի գիտնականները համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են բջիջներ, որոնք ամենայն հավանականությամբ պատասխանատու են ատամների հյուսվածքների զարգացման համար: Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ «РИА Новости»-ին հղումով:

Նշվում է, որ հայտնաբերված բջիջները կարող են օգտագործվել հետագայում նոր ատամների աճեցման համար: Հեռավոր Արեւելյան դաշնային համալսարանի կենսաբժշկության դպրոցի բջջային ու մոլեկուլար նյարդակենսաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Իվան Ռևայի խոսքով՝ ցողունային բջիջներից ատամներ աճեցնելու փորձերը ձախողվել են, քանի որ գիտափորձի արդյունքում ստացված նմուշները չեն պատվել էմալով:

Նա ընդգծել է, որ ներկա պահին գիտնականները չունեն բավարար գիտելիքներ ատամների զարգացման գործընթացի մասին, սակայն հայտնաբերված բջիջների հետազոտությունը թույլ կտա զգալի առաջընթաց գրանցել ատամնաբուժության ոլորտում:

 

«Մարդու ատամներին լիարժեք համապատասխանող իմպլանտները, անկասկած, շատ ավելի լավը կլինեն, քան տիտանից պատրաստվածները, իսկ դրանց օգտագործման ժամկետը կարող է ավելի երկար լինել», - նշում է գիտնականը: