Ջրով բեռնաթափման օր. ինչպես մեկ օրում ազատվել ավելորդ քաշից ու մաքրել օրգանիզմը

Ջրին կարելի է 1-2 շերտ կիտրոն ավելացնել, սակայն թեյը, սուրճը, գազավորված ըմպելիքներն ու հյութերը հարկավոր է բացառել

Բեռնաթափման օրերը բավական տարածված են և օգնում են ընդամենը մեկ օրում ազատվել զգալի ավելորդ քաշից, ինչպես նաև մաքրել օրգանիզմը: Սովորաբար նման օրերին մարդիկ ընտրում են որևէ մթերք և օրվա ընթացքում ուտում միայն այն: Ճիշտ մոտեցման դեպքում բեռնաթափման օրերը ոչ միայն օգնում են նիհարել, այլև դրական ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ ակտիվացնելով նյութափոխանակությունը, մաքրելով օրգանիզմն ու բարելավելով լյարդի ու մարսողական համակարգի աշխատանքը: Առավել հաճախ բեռնաթափման օրերին մարդիկ ուտում են որևէ բուսական մթերք (խնձոր, վարունգ և այլն) կամ կեֆիր, սակայն կա բեռնաթափման օրվա մի տարբերակ, որը ենթադրում է շատ ավելի խիստ «սննդակարգ», սակայն թույլ է  տալիս հասնել շատ ավելի լավ արդյունքի:

Ջրով բեռնաթափման օրն, ըստ էության, կարճատև ու շատ ավելի «թեթև» ծոմ է, որի ընթացքում մարդը միայն ջուր է խմում, ուստի այս մեթոդով օրգանիզմը մաքրելու դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել: Մասնագետների խոսքով՝ բեռնաթափման օրվա այս տարբերակը հատկապես արդյունավետ է խնջույքներից ու սննդի և ալկոհոլի չարաշահումից հետո: Այն շատ օգտակար է նաև մաշկային խնդիրների դեպքում, քանի որ հաճախակի կրկնելու դեպքում մաշկը մաքրվում է վնասակար նյութերից, կնճիռները հարթվում են, իսկ մաշկի գույնը՝ բարելավվում:

Սակայն հարկ է հիշել, որ այս մեթոդը խստիվ արգելված է քրոնիկ հիվանդությունների, թուլացած իմունային համակարգի ու ուժերի պակասի դեպքում: Բացի այդ, այն կտրականապես հակացուցված է սրտի և սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապողներին:

Ջրով բեռնաթափման օր անցկացնելիս օրվա ընթացքում կարելի է միայն ջուր խմել, սակայն անգամ այս դեպքում կան որոշակի կանոններ որոնց հարկավոր է հետևել: Ջուրը պետք է խմել փոքր չափաբաժիններով ու հաճախ: Կարելի է յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ մի քանի կում ջուր խմել: Հեղուկը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Ընդ որում, ցանկալի է նախապատվությունը տալ չգազավորված հանքային ջրին:

Ցանկության դեպքում ջրին կարելի է 1-2 շերտ կիտրոն ավելացնել, սակայն թեյը, սուրճը, գազավորված ըմպելիքներն ու հյութերը հարկավոր է բացառել:

Բեռնաթափման օրը կօգնի ազատվել զգալի ավելորդ քաշից ու դուրս բերել շլակներն ու տոքսիններն օրգանիզմից, սակայն արդյունքը պահպանելու համար հարկավոր է աստիճանաբար վերադառնալ սովորական սննդակարգին: Ոչ մի դեպքում չի կարելի անմիջապես հաջորդ առավոտյան մեծ քանակությամբ սնունդ ուտել: Այդ օրը հարկավոր է օգտագործել մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք ու ամբողջահատիկ հաց, իսկ միսն ու առավել ևս վերամշակում անցած մսամթերքը հարկավոր է բացառել: Առհասարակ, ցանկալի արդյունքին հասնելու և քաշի հետագա ավելացումից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru, գրում է tert.am: