Ազգային շահերն առաջ տանող ԵԱՏՄ պաշտոնյաները կարող են հետ կանչվել կամ տուգանվել. Տիգրան Սարգսյան

Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ վերազգային այդ մարմնի վրա, քանի որ այդտեղ պաշտոնյաները պետք է նախ և առաջ ելնեն ընդհանուր հետաքրքրություններից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապահովել վերազգային մարմնի աշխատանքի անկախությունը և հանուն իրենց երկրների մղվող լոբբիզմի բացակայությունը:

«Մի կողմից՝ վերազգային մարմինը կոչված է ԵԱՏՄ շահերը ներկայացնելու, բայց, մյուս կողմից, մեր նախարարները և մեր վերազգային մարմինը ձևավորվում են հավասար ներկայացվածության սկզբունքով: Ու որպեսզի բոլոր ներկայացված պաշտոնյաները պաշտպանեն ոչ թե իրենց ազգային պետությունների հետաքրքրությունները, այլ միության, անհրաժեշտ է դա հստակ ֆիքսել, ինչպես և արված է միության պայմանագրում»,- ասել է նա:

Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պետք է կատարելագործել մեխանիզմները, որոնք բարձրացնում են վերազգային այս կառույցի անկախությունը: ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է՝ եթե միջազգային կառույցի պաշտոնյաները զգում են, որ կախվածություն ունեն ազգային կառավարություններից, կարող են հետ կանչվել, կարող են ինչ-որ տուգանքների ենթարկվել՝ այն պատճառով, որ պատշաճ չափով չեն արտահայտում այս կամ այն պետության շահերը:

«Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ վերազգային այդ մարմնի վրա, քանի որ այդտեղ պաշտոնյաները պետք է նախ և առաջ ելնեն ընդհանուր հետաքրքրություններից: Վերազգային այս մարմնի այդ բաղադրիչը մենք պետք է ամրապնդենք: Մտածել, թե այդ երևույթը կարող է ամբողջությամբ վերանալ, չի կարելի. Եվրոպական միությունը մի քանի տասնամյակների ընթացքում չի կարողացել ազատվել դրանից: Բայց մենք պարտավոր ենք այն նվազագույնի հասցնել»,- նշել է Սարգսյանը: