50-ամյա տղամարդու «թոքերի քաղցկեղը» խաղալիք էր, որը նա կուլ էր տվել մանուկ հասակում

47 տարեկանում պացիենտը համակարգչային տոմոգրաֆիա եւ բրոնխոսկոպիա է անցել

Բրիտանացի 50-ամյա պացիենտին ախտորոշել էին բրոնխոգեն կարցինոմա։ Բայց ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ պարզվել է, որ ոչ մի ուռուցք էլ չկա, այլ կա կոնաձեւ խաղալիք, որը պացիենտը կուլ էր տվել հեռավոր 1974-ին, երբ դեռ երեխա էր։ Դեպքը նկարագրված է British Medical Journal-ում։

Խաղալիքը հայտնվել էր պացիենտի աջ թոքում եւ երկար ժամանակ չէր անհանգստացրել նրան։ 3 տարի առաջ, սակայն, տղամարդը, որն այն ժամանակ 46 տարեկան էր, դիմել է մասնագետներին քրոնիկական հազից բողոքելով։ Նրան ախտորոշել են թոքաբորբ, աջ թոքի հաստացում, բրոնխոէկտազիա։

47 տարեկանում պացիենտը համակարգչային տոմոգրաֆիա եւ բրոնխոսկոպիա է անցել։ Բժիշկները կասկածել են ուռուցքի առկայության մասին, որն անհրաժեշտ էր հեռացնել։

Սակայն վիրահատության ընթացքում բժիշկ Մոհամեդ Մունավարը Փրեսթոնի Թագավորական հիվանդանոցից ուռուցքի փոխարեն հայտնաբերեց խաղալիք կոն, որը լռվել էր պացիենտի թոքի լորձաթաղանթում։ Ժամանակիընթացքում շնչառական ուղիները հարմարվել էին օտար մարմնի առկայությանը, ուստի պացիենտը երկար ժամանակ այն չէր նկատել, գրում է med.news.am:

Բժիշկ Մունավարի խոսքով՝ բրոնխներում հարմարված խաղալիքը կարող էր հանգեցնել մի շարք խնդիրների՝ բարձրացնելով թոքաբորբի եւ թոքերի հաստացման ռիսկին, որոնք կարող են նպաստել շնչողության անբավարարության։

Խաղալիքի հեռացումից 4 ամիս հետո պացիենտի հազը գրեթե անհետացավ, իսկ ռենտգենը ցույց տվեց  մնացորդային աննշան վարակ թոքերում եւ ոչ մեծ բորբոքում։