Ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի. Վանեցյան

Ներդրող  գտնելու ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ է իրականացնում

Տեղի է ունեցել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հերթական ժողովը:  Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և  Ազգային Անվտանգության Ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ այս ծրագրում: Ստադիոնը պետք է կառուցվի ներդրողների գումարով: Բանակցություններ են ընթանում և առաջիկայում, ըստ Վանեցյանի, կարող են լինեն լավ նորություններ:  Ի դեպ, Վանեցյանն ասել է, որ ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որևէ մարզում:  Լրագրողների հարցին, թե ի՞նչ է սպասվում «Հրազդան» ստադիոնին, որը հայկական ֆուտբոլի լավագույն տարիների խորհրդանիշն էր համարվում:

«Կիսում եմ ձեր գնահատականը, որ դա մեր հաղթանակների ստադիոնն է և պատմություն ունեցող ստադիոն է: Դուք շատ լավ գիտեք, որ այն  ունի սեփականատեր, նրա հետ երկու – երեք անգամ խոսել ենք, բանակցել ենք: Մեծ գումարների մասին է խոսքը: Այդ գումարները ՀՖՖ-ն չի կարող ներդնել, այն պատճառով, որ այդպիսի գումարներ չունի: Պետք է լինի մասնավոր ներդրող:  Ներդրող  գտնելու ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ է իրականացնում: Մենք ասել ենք, որ մեր հերթին ներդրող գտնելու հարցում մենք էլ կաջակցենք: Բայց մասնագետների գնահատմամբ` «Հրազդանը» մարզադաշտը, ինչքան էլ վերանորոգեն և վերակառուցեն, չի կարող համապատասխանել միջազգային չափորոշիչներին, այսինքն` այնտեղ չենք կարողանա անցկացնել միջազգային խաղեր: »,- ասել է  ՀՖՖ նախագահը: