ԲՀԿ- ն հրաժարվում է մեկնաբանել Քոչարյանի գործն ու նրա հայտարարությունները

Տարբեր քաղաքական հայտարարությունների հետ առերեսվել ենք, բայց փաստերի, վճռի հետ կապված մենք առերեսում չենք ունեցել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որևէ կերպ չի մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող դատական գործը, քանի որ չի տիրապետում բոլոր մանրամասներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեցին խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը։

«Տարբեր քաղաքական հայտարարությունների հետ առերեսվել ենք, բայց փաստերի, վճռի հետ կապված մենք առերեսում չենք ունեցել։ Երբ կլինի, դրանից հետո մենք մեր մոտեցումները կներկայացնենք», – ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի հնչեղ գործերով անպայման պետք է արդարությունը վերականգնվի, ու մեղավորները, եթե այդպիսիք կան, պատժվեն՝ անկախ քաղաքական հայացքներից ու կարգավիճակից։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդման մասին պնդումներին, պատգամավորները հրաժարվեցին գնահատականներ հնչեցնել։