Հավանաբար Օբաման ինչ-որ բան գիտի, այդ պատճառով չի աջակցում Բայդենի թեկնածությանը

Դոնալդ Թրամփը, խոսելով 2020թ. նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասին, ասել է, որ նա սուտասան է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով 2020թ. նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասին, ասել է, որ նա սուտասան է:  

The Hill-ին տված հարցազրույցում Թրամփն անդրադարձել է այն հարցին, թե ինչու նախկին նախագահ Բարաք Օբաման, որի oրոք Բայդենը փոխնախագահ է եղել և որի հետ նա շատ ջերմ հարաբերությունների մեջ է, պաշտոնապես իր աջակցությունը չի հայտնել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուին:

«Նա ստում է, երբ ասում է, որ անձամբ է Օբամային խնդրել չաջակցել իրեն: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Օբաման չի աջակցում Բայդենին: Հավանաբար այստեղ ինչ-որ լուրջ գաղտնիք կա: Չէ՞ որ նա փոխնախագահն էր և, ինչպես երևում էր, նրանք շատ լավ լեզու էին գտել: Բայդենին հիասթափեցրել է այն փաստը, որ Օբաման իրեն չի աջակցում, ուստի՝ նրան այլ բան չի մնում, քան հայտարարելը, թե «ես եմ նախագահ Օբամային խնդրել չաջակցել ինձ»: Չի բացառվում, որ Օբաման այնպիսի բան գիտի, որ նման կերպ է վարվում»,-ասել է նախագահը:

Նա հավելել է, որ Բայդենն ամեն հարցում շատ տարօրինակ է:

Պարբերականը գրում է, որ Բայդենը նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել էր ապրիլին: Օբաման գովել էր որոշումը, սակայն իր աջակցության մասին չէր խոսել: