Նիկոլ Փաշինյանի վախերը, ոստիկանությունը կրակելու է

Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա

Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առիթով ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար: Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները երկրի ներսում, ըստ Փաշինյանի, պետք է լինի բռնությունից զերծ, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն:
«Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ կառավարությունը նույն պատկերացումն ունի նաև մեր արտաքին սահմանների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանության առումով: 
Նիկոլ Փաշինյանի՝ բավականին բաց տեքստով արված նախազգուշացման մեջ ներքին վախ կա թերևս, որ իր ձեռքն, այո՛, չի դողալու՝ օգտագործել ոստիկանության ուժը, եթե ինչ-որ պահից սկսած իշխանությունը պահելու համար դա դառնա անհրաժեշտություն: Վերջին օրերին Ազգային Ժողովի դիմաց տեղի են ունենում ակցիաներ, Քոչարյանի դատավարության ժամանակ տարբեր խմբերի բաժանված քաղաքացիները միմյանց նկատմամբ վիրավորանքներ են հնչեցնում: Ինչ-որ պահից սկսած նրանք կարող են որակվել Հայաստանի Հանրապետությունում բռնության քարոզչություն կատարողներ և բռնություն իրագործողներ: Հետևաբար ոստիկանությունն այս դեպքում անցնելու է գործի: Այլ կերպ չի կարող լինել՝ ցանկացած իշխանություն առաջնորդվում է ինքնապաշտպանական գործողություններով՝ դա ներկայացնելով պետական անվտանգության պաշտպանություն: Նույն իրավիճակն այս օրերին ստեղծվել է հարևան Վրաստանում: 
Հայաստանի հանրային կյանքում ևս այժմ մթնոլորտը գերշիկացած է, և ցանկացած պահի կարող է պայթյուն լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանի ներսում բռնության կանխարգելման և հակազդման միջև շատ նուրբ սահման կա, և դժվար է ասել, թե որ պահին և ով կհատի այդ նուրբ սահմանը և ժողովուրդը դուրս կգա փողոց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նիկոլ Փաշինյանը արդեն նախապատրաստվել է այս սցենարին և ունի գործողությունների նախնական պլան: Նա չի թաքցնում, այլ ըստ էության նախազգուշացնում է, որ տալու է կրակելու հրաման, եթե իր հրաժարականի պահանջով փողոցները փակվեն կամ էլ լինեն այլ անցանկալի զարգացումներ, գրում է hayeli.am: