Անհատական ջանք ներդրողը գիտակցում է, որ ինքը հաղթել է քուչային. Փաշինյան

Փողն ընդհանրապես կարեւոր չէ

Մեր հիմնական նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետեւ մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, շրջադարձային երեւույթը, որ Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես եւ բոլոր առումներով այլ մակարդակի: յս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, անհատական ջանք ասելով նկատի են ունենում, օրինակ «Ապագա ռեզորթ»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ ՌԴ-ից պետք է գա Հայաստան եւ իր հայրենի լքված Ենոքավան գյուղի տարածքում ստեղծի մի իրականություն, որը պետք է փոխի եւ Ենոքավանի կյանքը եւ Հայաստանի կյանքը եւ իմիջն ընդհանուր առմամբ:

«Նկատի ենք ունենում Քարահունջ գինետան հիմնադիրներին, որովհետեւ այս մարդիկ գալիս են Սփյուռքից եւ ՀՀ-ում ստեղծում են նոր իրականություն: Օրինակ, ես շատ եմ սիրում լինել այդ գինետանը, որովհետեւ մուտքից ներս մտնելիս դու հայտնվում ես բոլորովին ուրիշ աշխարհում: Գուցե շատերի համար տարօրինակ, անծանոթ, բայց ուրիշ աշխարհում:

Անհատական ջանք ասելով նկատի ենք ունենում նաեւ Հայրապետյան եղբայրներին, որոնք արդեն երկար տարիներ կառավարում են Պարզ լիճը եւ ստեղծել են բնության ու բիզնեսի ներդաշնակության նոր մշակույթ:

Անհատական ջանք ասելով նկատի ենք ունենում իջեւանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում մեծ հաջողությունների հասնելով, հիմա վերադառնում է հայրենի Իջեւան եւ դրա արդյունքում անկախությունից ի վեր առաջին անգամ Իջեւանում անշարժ գույքի առաջնային շուկայում կհայտնվի առաջարկ: Այսինքն առաջին անգամ Իջեւանում մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել բնակարան նորակառույց շենք: 1991 թվականից Իջեւանում նորակառույց բնակարան չի եղել: Սա ոչ թե նորակառույց շենք է, այլ լքված շենքի վերանորոգում»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը էլի բազմաթիվ օրինակներ բերեց, թե ինչպես հասարակ մարդիկ անհատական ջանք են ներդրել, ոչ մեծ ներդրումներով կարողացել են նոր բան ստեղծել, ու թեեւ առաջին հայացքից մեծ բան չեն արել, բայց իրականում նրանց արածը առանձնահատուկ է երկրի զարգացման համար:

«Փողն ընդհանրապես կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինքն ամեն օր արթնանում է եւ գիտի, թե ինչ պետք է անի: Օրվա վերջում նա բավարարված է զգում, որովհետեւ զգում է, որ նոր բան ստեղծեց, ստեղծագործեց: Ինքը գիտակցում է, որ ինքը հաղթել է, հաղթել է քուչային, որտեղ ընդունված տրամաբանության համաձայն 30 տարի պետք է պպզեր ու սպասեր, թե ով պետք է գա ու առաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ սա թվով 5-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Հատկանշական է, որ այս շարքը սկսվել է Տավուշի մարզից, այստեղ երկրորդ անգամ է նման համաժողով անցկացվում: Առաջին տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Իջեւանում:

Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաեւ էքսպո ցուցահանդես: Օրն ամփոփվելու է Ջազ բենդի համերգային ծրագրով։