Պետք է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին փրկել վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսեց Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպման մասին՝ կարծիք հայտնելով, որ այն ինչ-որ վերջի սկզիբն է լինելու

Այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան ձևով պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին: Նոր իշխանությունները եկել են, որպեսզի ջախջախեն բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը, ում խոսքերով, Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրը բավականին ճիշտ գնահատականներ էր տալիս իշխանություններին, գործող համակարգին:

Հակոբյանի խոսքերով, այսօր պետք է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին փրկել վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Նախկին պատգամավորը, խոսեց նաև Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպման մասին՝ կարծիք հայտնելով, որ այն ինչ-որ վերջի սկզիբն է լինելու. «Կան գործոններ, որոնք մեզանից դուրս են, որոնք մեր ձեռքին չեն: Մենք այսօր թափառում ենք օվկիանոսում, որն ունի տերեր, իսկ այդ տերերը մեզ տանում են այնտեղ, որը մեզ ձեռնտու չէ: Մենք ի վերջո պետք է կարողանանք ճիշտ օրակարգի շուրջ համախմբվել, ազգային մի միավոր ձևավորենք, քանի որ միայն այն կարող է դիմակայել արհավիրքին, որը կա Հայաստանում ու տարածվելու մեծ պոտենցիալ ունի: Մենք շատ վտանգավոր գոտում ենք»: