Հենց այնպես փող չեն շռայլելու

Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումներին, որոնց ևս անդրադարձ եղավ այսօր մեր քննարկման ընթացքում

Եվրամիությունը աջակցում և հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում հայտարարված դատական բարեփոխումներին, օրերս նշեց միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Հայտարարությունից ժամեր առաջ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքում հայաստանցի և եվրոպացի դիվանագետներն ընդգծել էին՝ անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև տնտեսական զարգացման և օտարերկրյա ներդրումների համար:
«Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումներին, որոնց ևս անդրադարձ եղավ այսօր մեր քննարկման ընթացքում: Մենք աջակցում ենք սկսված աշխատանքին, որն ուղղված է Հայաստանի դատական համակարգի համապարփակ բարեփոխումներին՝ Հայաստանի Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան», - ասել է Մոգերինին:

Ողջունելով հայաստանյան վերջին զարգացումները, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, Եվրամիությունը վերահաստատել է ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ սերտորեն համագործակցելու, Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Ըստ Բրյուսելից հնչող հայտարարությունների, հենց այդ բարեփոխումների արդյունքում եվրոպական ընտանիքը որոշել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

«Հաշվի առնելով Հայաստանի կատարած քայլերը, ինչպես նաև անցած տարվա ժողովրդավարական բարեփոխումները, Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի այս տարի: Արդյունքում, այս տարվա ընթացքում միայն Հայաստանը 65 միլիոն եվրո կստանա՝ բարեփոխումների ու Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը արդյունավետ իրագործելու համար», - հայտնել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
ԵՄ արտգործնախարարն էլ դիմել է բոլոր կողմերին՝ կոչ անելով հարգել առաջնորդների ու արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Հակամարտությունը արագ քաղաքական լուծման կարիք ունի, և Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում մեր սեփական ներկայացուցչի միջոցով: Կոչ ենք անում հակամարտության կողմերին խստորեն հարգել հրադադարը և հետևել առաջնորդների ու արտգործնախարարների վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին ու անցնել բովանդակալից քննարկումների: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք աջակցել կողմերի միջև վստահությունն ամրապնդող և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցառումներին», - շեշտել է Ֆեդերիկա Մոգերինին: Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում մարտի վերջին կայացած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին՝ «առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները, ինչպես նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»:

Խորհուրդը վերահաստատել է Եվրամիության և Հայաստանի հանձնառությունը՝ արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:

Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով։ Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Այսպես, ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Այս մասին ասված է Եվրամիության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում: ԵՄ խորհուրդը քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Սա ինքնին դրական արձանագրում է:

Թե ինչպես կհաջողի Հայաստանի իշխանությունը՝ ցույց կտա ժամանակը: ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների հարցում, իհարկե, կան կոնկրետ ծրագրեր, սակայն ամեն ինչ կախված է, թե Փաշինյանի կառավարությունը ինչպես է գործելու, ինչ արդյունքներ է արձանագրելու: ԵՄ-ն, ինչպես ասում են, պետք է տեսնի արդյունքներ: Հենց այնպես գումարներ չեն շռայլելու: