Բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել

Խնդրին անդրադառձել է Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը

Թթվասերի շուկայում մի փոքր տեղաշարժ է գրանցվել: Արտադրողները սկսել են բարեխղճություն ցուցաբերել ու գրել, որ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է:

«Ճիշտ է, էլի անընթեռնելի է, բայց գրում են, սակայն շարունակում են սպառողին մոլորեցնել, քանի որ տուփերը նույնն են մնացել: Մենք հանդիպեցինք ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչների հետ, ասացին, որ դեռևս կան հին տուփերը, դրանք պետք է օգտագործեն՝ վերջանա: Բայց այդպես չի կարելի, կարող է՝ 1 միլիոն տուփ կա: Բուսական յուղը սննդի մեջ օգտագործելը մարդու առողջության վնաս չի հասցնում: Խնդիրն այն է, որ բուսական յուղով արտադրանքը թթվասեր չի կարող կոչվել, ու այդ մասին պարզ և ընթեռնելի թող գրեն: Այն թթվասեր չէ, այլ նմանակվող ապրանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

Ինչ վերաբերում է կաթին, որ գրեթե բոլոր տուփերի վրա գրված է՝ անարատ, Ռուբեն Հայթյանը նշեց, որ պետք է գրեն նաև վերականգնված կամ փոշի կաթ, ինչը չի արվում:

«Մենք փորձելու ենք պարզել, թե քանի՞ կազմակերպություն է չոր կաթ ստանում, որպեսզի իմանանք՝ իքս տոննա արտադրվող կաթի դեպքում ինչպե՞ս է կրկնակի կաթ ստացվում: Մյուս մասը հո օդից չի՞ գալիս: Չոր կաթ են օգտագործում, բայց մենք չունենք տվյալներ, թե քանի՞ արտադրող է այդպես անում»,- ընդգծեց Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահը:

Ռուբեն Հայթյանը նկատեց՝ «սպառողին մոլորեցնելը պատժելի արարք է: Նույնն է, որ մտնես ոսկու շուկա ու պղինձ առնես»:

Ինչ վերաբերում է յոգուրտներին, ապա Հայթյանի փոխանցմամբ՝ դրանց գույն են խառնում և հավելանյութեր, ինչը բնական է, նախատեսված է օրենքով, պարզապես լավ կլինի, որ թարմ լինի:

«Յոգուրտները բերում են տարբեր երկրներից, ժողովուրդն ուրախանում է, բայց թող նայեն, թե որքան հավելանյութեր է պարունակում: Դրա փոխարեն կարող են տեղականն օգտագործել, որն արտադրում են ոչ թե երկար ժամանակի, այլ մեկ շաբաթվա համար՝ առանց կոնսերվանտների»:

Նշենք, որ  B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր էր ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։ Այդ աշխատանքի շրջանակներում փորձաքննության են ենթարկել տեղական շուկայում վաճառվող կաթնամթերքը՝ նպատակ ունենալով պարզել, թե ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում՝ որպես թթվասեր:

Փորձաքննության արդյունքները

Փորձաքննության են ներկայացրել, ընդհանուր առմամբ, 12 թթվասեր, որոնցից 9-ը տեղական արտադրության են:

Սուպերմարկետից գնված և սորտավորած արտադրանքը լաբորատորիաներին են ներկայացրել համարակալված, որպեսզի նվազագույնի հասցվի կողմնակալության հավանականությունը:

Փորձաքննությունը պատվիրել են 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:

Առանձին-առանձին ստուգել են բոլոր օրինակները. որևէ արտադրողի թթվասերի բաղադրության մեջ նշված չի եղել բուսական յուղի պարունակության մասին: Բոլոր տեղական թթվասերներն արտադրված են եղել 2019 թ. մայիսի 7-ին:

Ցուցակի առաջին համարը «Արզնի կաթ» ընկերության 20%-յուղայնությամբ թթվասերն է:

Երկրորդն «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Երրորդ համարը նույնպես «Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասեր է՝ 13% յուղայնությամբ «Կովիկ» անունով մթերքը:

Ցուցակի չորրորդ համարը «Մարիաննա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

Հինգերորդ համարի նմուշը նույնպես «Մարիաննա» ապրանքանիշինն է` 10%-անոց թթվասեր:

Վեցերորդ համարը «Անի պրոդուկտ» ընկերության «Սմետանա Մասլովնա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

7-րդ համարը  ցուցակում «Բանդիվան կաթ» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

8-րդ համարը «Թամարա» ապրանքանիշի 18%-անոց թթվասերն է:

9-րդը՝ «Բոնիլատ» ապրանքանիշի 17%-անոց թթվասերը:

10-րդ համարի ներքո ներկայացված է բելառուսական արտադրության «Բրեստ-Լիտովսկ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերը:

11-րդ համարը «Ռուսական Պռոստոկվաշինո» ապրանքանիշի 25%-անոց թթվասերն է:

Թթվասերների ցուցակում վերջին՝ 12-րդ համարը, ուկրաինական արտադրության «Պրեզիդենտ» ապրանքանիշի 20%-անոց թթվասերն է: