Ավելորդ քաշն իսկապես սրտի համար վտանգավոր է

Մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը, որն այսօր ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, ենթակա է ժամանակից շուտ մահանալու վտանգին

Ավելորդ քաշը ոչ թե պարզապես էսթետկական խնդիր է, այլ այն իսկապես նպաստում է անոթների խցանմանը եւ հանգեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման: Այս մասին զգուշացնում են Կարոլինի ինստիտուտի գիտնականները:

10 տարի տեւած հետազոտություններից հետո, որոնց շրջանակում ուսումնասիրում էին ճարպակալման եւ սրտի խնդիրների միջեւ հնարավոր կապը, Շվեդիայից գիտնականները, ի վերջո, վերջնականապես ապացուցել են այն, ինչի մասին բոլորը վաղուց կռահում էին. ավելորդ քաշն իսկապես սիրտ-անոթային հիվանդություններ է առաջացնում: Հետազոտողներն օգտագործել են մենդելեւյան ռանդոմիզացիա կոչվող մեթոդը, որը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը սրտի հիվանդությունների անմիջական պատճառն է:

Ճարպակալումն ինքնին՝ առանց ռիսկի այլ գործոնների, ինչպես՝ խոլեստերինի բարձր մակարդակը, քիչ շարժունակ կենսակերպը եւ դիաբետը, ավելի քան 30 տոկոսով մեծացնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Մասնավորապես՝ ավելորդ քաշը մեծացնում է ավելի քան կես տասնյակ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ներառյալ՝ աորտալ ստենոզը, որի դեպքում սրտից օրգանիզմ արյան հոսքը վերահսկող աորտալ փականը նեղանում է եւ լիարժեք չի բացվում:

Գիտնականների խոսքով՝ մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը, որն այսօր ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, ենթակա է ժամանակից շուտ մահանալու վտանգին: Սա կարելի է փոխել միայն կենսակերպի փոփոխությամբ եւ դեղամիջոցների օգտագործմամբ: