Մենք պետք է ստեղծենք լավ բաներ ապագայի համար, որոնք կլինեն արժեքավոր ամբողջ աշխարհի համար

Մենք պետք է ստեղծենք լավ բաներ ապագայի համար, որոնք կլինեն արժեքավոր ամբողջ աշխարհի համար

«Նախարարության կառուցվածքային փոփոխությունն արդեն վերջնականացվել է. երեք հիմնական ուղղությունով պետք է զբաղվի նախարարությունը՝ առաջինը՝ ռազմարդյունաբերության ուղղությունն է, երկրորդը՝ թվայնացման, երրորդը՝ բարձր տեխնոլոգիական, ինժեներական էկոհամակարգի զարգացումը: Դրանք այն հիմնական անկյունաքարերն են, որոնք մեզ պետք է օգնեն՝ կայանալու որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի խոսքով՝ տրանսպորտի և ճանապարհաշինարարության վարչություններին եկել են փոխարինելու թվայնացման, ռազմարդյունաբերական և բարձր տեխնոլոգիական վարչությունները.«Նախարարությունում նոր վարչություններ են ձևավորում, որոնք համալրման փուլում են»:

«Կրճատումներ են եղել, դրանք ինքնանպատակ չեն. պետք է ոչ այնքան շատ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնել: Ելնելով կառավարման ճիշտ համակարգային մոտեցումներից՝ տեղի կունենան օպտիմալացումներ, համոզված եմ, դրանք կլինեն ի շահ ՀՀ-ի»,- նշեց նախարարը:

Հ. Արշակյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ ոչ միայն հայկական ընկերությունները կզարգանան, այլ նաև կդառնա կենտրոն, որտեղ կարող են գալ, զարգանալ այլ երկրների ընկերություններ. «Մենք պետք է լինենք ամբողջ աշխարհում կամուրջներ կառուցող կենտրոն, այդ թվում՝ նաև Սիլիկոնային հովտում»:

«Մենք պետք է ստեղծենք լավ բաներ ապագայի համար, որոնք կլինեն արժեքավոր ամբողջ աշխարհի համար»,- ընդգծեց նախարարը: