Զորիկ Ղարիբյան. Արման Մկրտումյանը վաճառել է մեր 6000 տարվա ժառանգությունը

Կարասը չի կարող պատկանել մեկ անհատի, կազմակերպության կամ կորպորացիայի, քանի որ դա մեր ազգային ժառանգություն է եւ պատկանում է մեր երկրի ազգային ինքնությանը

Մեդիամաքսի հարցազրույցը «Զորահ» բրենդի հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ

- Հունիսի սկզբին ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ հիմա արդեն նախկին նախագահ Արման Մկրտումյանը փաստացի հանգուցալուծեց «կարաս» բառի շուրջ դատական վեճը՝ բավարարելով Karas Wines-ի հայցը ընդդեմ «Զորահ» բրենդի։  Ակնկալու՞մ էիք նման որոշում։

- Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Վճռաբեկ դատարանից ակնկալում էի արդար եւ ճիշտ որոշում։ Ընդհանուր սպասումն այն էր, որ վերջնական որոշումը կկայացնեն Արման Մկրտումյանի իրավահաջորդները, եւ գործը պետք է նորից քննվեր։ 

Սակայն փաստն այն է, որ իր պաշտոնը լքելուց առաջ սա եղել է պարոն Մկրտումյանի վերջին որոշումը, որը ստորագրվել է վերջին պահին եւ հետո անամոթաբար գրանցվել «հետին թվով»: Սա ցույց է տալիս կայացված որոշման խարդախության մակարդակը, ինչպես նաեւ այն, թե որքան կարեւոր էր Հայաստանի համար, որ նման այսպես կոչված «դատավորները» թողնեին իրենց պաշտոնները։

Հիմա կարող եմ պատկերացնել, թե ապագա գինեգործների սերունդները որքան շնորհակալ պետք է լինեն պարոն Մկրտումյանին՝ մեր երկրի 6000 տարվա ժառանգությունը ամենաբարձր հայտ ներկայացրած գնորդին վաճառելու համար։ 

- 2017թ. դեկտեմբերին կայացած մեր զրույցի ընթացքում ասում էիք, որ պատրաստ եք այս գործը տանել միջազգային դատարաններ։ Դեռ պատրա՞ստ եք։ Եթե այո, ապա որո՞նք են լինելու ձեր հաջորդ քայլերը։ 

- Այո, անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ գնալ միջազգային դատարաններ։ Իմ կողմից բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են։ Կարասը չի կարող պատկանել մեկ անհատի, կազմակերպության կամ կորպորացիայի, քանի որ դա մեր ազգային ժառանգություն է եւ պատկանում է մեր երկրի ազգային ինքնությանը, որը մենք ժառանգել ենք մեր նախահայրերից եւ մեր պարտքն է այն փոխանցել ապագա սերունդներին։  

Այս պայքարը տանում եմ ոչ թե իմ ես-ի համար, այլ որովհետեւ դա ճիշտ պայքար է, որը պետք է մղել, եւ ապագա սերունդները շնորհակալ կլինեն այն բանի համար, որ մենք պայքարել ենք այնպիսի կորպորացիաների  դեմ, որոնք մտածում են միայն կարճաժամկետ շահույթի մասին։

- Հայաստանի նոր կառավարության ներկայացուցիչները տեղյա՞կ են այս գործի մասին։ Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ որեւէ պաշտոնյայի հետ քննարկում ունեցե՞լ եք։

- Այո, նոր կառավարության ներկայացուցիչները տեղյակ են։ Ուժերս ներդրել եմ ձայնս լսելի դարձնելու համար եւ բացատրել եմ այս գործի անհեթեթությունը եւ այն կործանարար ազդեցությունը, որ այն կարող է ունենալ Հայաստանի գինեգործության ապագայի եւ երկրի վատ համբավի ձեւավորման տեսակետից։ 

Ես հաճախ եմ ճանապարհորդում՝ գինիները, հետեւաբար նաեւ Հայաստանը ներկայացնելու համար։ Իսկ հիմա ի՞նչ պետք է ասեմ միջազգային կոնֆերանսների ընթացքում։ Ասե՞մ, որ մենք ունենք կարասում գինի պատրաստելու 6000 տարվա ավանդույթ, բայց ես, կամ մեկ այլ ուրիշ գինեգործ չի կարող օգտագործել «կարաս» բառը, որովհետեւ կոռումպացված դատարանը հեղինակային իրավունքը  վերապահել է մի կորպորացիայի, որը նույնիսկ չի աշխատում այդ կարասներով։ Ինչպե՞ս սա կազդի մեր երկրի համբավի վրա։ 

Իհարկե, ես խանդավառված եւ լավատես եմ Հայաստանի նոր հեռանկարներով։ Առաջիկայում կտեսնենք՝ այս կառավարությունը եւս կխոնարհի իր գլուխը հզոր կորպորացիաների ճնշումների ներքո կամ կհարգի ազգի անձեռնմխելի արժեքները եւ ցույց կտա, որ դրանք վաճառքի ենթակա չեն։ 

Եթե մենք «Նոր Հայաստան» ենք ստեղծում, ապա կառավարությունը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ներդրում, որը կարող է գնել ժողովրդի ինքնությունը։ 

Բոլոր հայերը իրենց երկրի ժառանգության տերերն են, անկախ նրանից, թե ինչ է այդ ժառանգությունը։ Կարեւոր է այն պաշտպանել, քանի որ այն ազգի հավաքական ինքնության մասն է։ 

- Ինչպիսի՞ն է հայկական անկախ գինի արտադրողների դիրքորոշումը։ Նրանք ձեզ աջակցու՞մ են։ 

- Այս բացասական պատմությունը դրական կողմ էլ ունի. հայկական գինի արտադրողները համախմբվել են, քանի որ հասկանում են այս գործի կարեւորությունը հայկական գինեգործության համար։ 

15 գինեգործական ընկերություններ հայտարարություն են ստորագրել եւ պատրաստ են պայքարել «կարաս» բառի «ազատագրման» համար։ Այլ նախաձեռնություն էլ կա՝ պահանջել իշխանություններից ճանաչել կարասը որպես ազգային ժառանգություն՝ անհնարին դարձնելով որեւէ մեկի բացառիկ իրավունքը դրա նկատմամբ:

Եթե 5 տարի առաջ «Զորահ»-ը միակ գինեգործական ընկերություն էր, որը աշխատում էր կարասներով, ապա այսօր կան հինգը, որոնք փորձարկում եւ աշխատում են կարասով, եւ ես համոզված եմ, որ այս միտումը շարունակվելու է՝ գինեգործության մեջ ներդրումների աճին զուգահեռ։ 

- Ս.թ. հունվարի վերջին Դուք բաց նամակով դիմել էիք Էդուարդո Էռնեկյանին։ Նրանից կամ նրա ներկայացուցչներից որեւէ արձագանք ստացե՞լ եք։ 

- Բաց նամակները իրենց բնույթով նպատակ ունեն հանրությանը տեղեկացնել այն խնդրի մասին, որը ցանկանում է բարձրացնել հեղինակը։ Սրանից ելնելով՝ ես պարոն Էռնեկյանից պատասխան չէի ակնկալում։ 

Բաց նամակս ծառայեց իր նպատակին՝ ցուցադրելով իրավիճակի անհեթեթությունը եւ բարձրացնելով հանրային իրազեկությունը։ 

- Ի՞նչ եք կարծում, այս խնդիրը դեռ հնարավոր է լուծել Ձեր եւ Էդուարդո Էռնեկյանի փոխադարձ փոխզիջումների միջոցով։ 

- Երբ առաջին անգամ ծանուցվեցի, որ Էռնեկյանի թիմը դատի է տվել «Զորահ»-ին՝ ցնցվեցի։ Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է մի սփյուռքահայը մեկ այլ սփյուռքահայի դեմ դատական հայց ներկայացնել, երբ երկուսն էլ ձգտում են իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը։ Սկզբում ես այս ամենի մասին հանրությանը չհայտնեցի, քանի որ վստահ էի՝ կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Բայց ինչքա՛ն սխալ էի ես։

Փորձեցի անձամբ կապ հաստատել պարոն Էռնեկյանի հետ, բայց ապարդյուն։ Ի վերջո, նրա ներկայացուցիչ պարոն Յորգ դել Ագուլան արձագանքեց՝ ասելով, թե «գործ ունենք բրենդի օգտագործման հետ»։ Այս կարճ նախադասությունը շատ խոսուն էր։ Հատկանշական է, որ նախորդ կառավարությունը փորձում էր երկու կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ, բայց Էռնեկյանի թիմը անկոտրում էր՝ իր կորպորատիվ ամբարտավանությամբ հանդերձ։ 

Այսօր այլեւս փոխզիջման հնարավորություն չկա։ Հայկական գինեգործությունը բարելավելու համար երկխոսության համար դուռը միշտ բաց է, բայց այն փակ է այնպիսի բանակցությունների համար, որոնք կվերաբերեն առանցքային սկզբունքներին։ 

Զորիկ Ղարիբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Աղբյուրը՝ Banks.am