Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չկա. ՔԿ

ՔԿ-ն ծանուցումը Ծառուկյանին ուղարկել է հունիսի 11-ին՝ նրան հրավիրելով ներկայանալ հունիսի 12-ին

Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չունի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև այսօր երեկո ինքնակամ չներկայանա:

ԲՀԿ առաջնորդը, հիշեցնենք, ՔԿ է հրավիրվել Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի և ավտոմեքենայի հրդեհի գործով:

ՔԿ-ն ծանուցումը Ծառուկյանին ուղարկել է հունիսի 11-ին՝ նրան հրավիրելով ներկայանալ հունիսի 12-ին:

Տեղեկությունները, որ Ծառուկյանը պատռել-գցել է ծանուցումը, Ն.Հարությունյանը հաստատեց՝ նշելով, որ այդ մասին համապատասխան գրություն ստացել են ոստիկանությունից:

Ըստ նրա՝ օրենքով ժամկետ չկա, թե ինչքան ուշ կարող է ներկայանալ պատգամավորը, և ՔԿ-ում դեռ որոշ ժամանակ կսպասեն Ծառուկյանին: Թե ե՞րբ կվերջանա այդ ժամկետը, և ի՞նչ կձեռնարկի Կոմիտեն, Ն.Հարությունյանը պատասխանեց. «ՔԿ-ն քրեական գործով կայացվող որոշումների մասին հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: