Իշխանությունը պետք է հրաժարվի թավիշից

Վարչապետի հայտարարությունը նշանակում է՝ ունենք խնդիրների բախում

Վարչապետ Ն. Փաշինյանն ուշագրավ դիտարկում է արել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա… այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու… Այս ամեն ինչը շատ լուրջ է…»:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյան, կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:

Ինչու է վարչապետն այսպիսի արձանագրում անում հեղափոխությունից մեկ տարի անց: Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ ըստ էության, հանրության ուղղված ուղերձներն անփոփոխ են՝ այն առումով, որ հեղափոխությունը եկել է փոխելու իրավիճակ, եկել է արձանագրելու և ամրագրելու նոր մոտեցումներ, նոր մեթոդաբանություն: «Այս հայտարարությունը ես պատահական չեմ դիտարկում, սա փաստում է այն մասին, որ հեղափոխությունը շարունակվելու է: Այլ հարց է, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, շատ դեպքերում իրավիճակային են… Նոր Հայաստանի կերտման համար պետությունը պետք է ունենա տեսլական: Մենք չենք ձևակերպել տեսլականը, չենք ձևակերպել երկարաժամկետ ռազմավարությունը և հայեցակարգերը: Վարչապետի արձանագրումը բնական է, բայց այն պետք է ամրագրվի և ամրապնդվի պետության երկարաժամկետ ռազմավարությամբ»:

Ազատ Արշակյանի խոսքով՝ իշխանությունը բախվել է համակարգային խնդրի. «Պետք է փոփոխություն լինի, նոր իշխանությունը պետք է թավիշը մի կողմ դնի: Հեղափոխությունը ռոմանտիզմ էր. ռոմանտիկա կար այն մտայնության մեջ, որ դիմադրություն չէր լինելու, իրականում մարդիկ կան, որոնք համաձայն չեն փոփոխությունների հետ, համաձայն չեն հանձնել իրենց դիրքերը, արտոնությունները, ունեցվածքը: Իշխանությունը դանդաղում է, հետևողական և էֆեկտիվ չի գործում»:

Հայկ Սահակյանի խոսքով, երբ որ վարչապետը դատարաններ չէր զանգում և ակնկալում էր, որ նրանք կփոխվեն, դա ոչ թե թավշյա, այլ միամիտ մոտեցում էր: «Պետք է գործուն քայլեր անել, բայց չեն արվել: Եթե ժամանակին սահմանադրական փոփոխություններ արվեին, օրենքները փոխվեին, թավշյա հեղափոխությունը և համերաշխությունը կկայանար: Թավշյա հեղափոխության օրակարգը կիսատ է մնացել»,- նշեց Հ. Սահակյանը: