Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու հետ կապ չունի

Մանիպուլիացիոն տեղեկատվությամբ փորձում են ցույց տալ, իբր Նիկոլ Փաշինյանը կապ ունի Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելու հետ

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու հետ կապ չունի: Իշխանությունները պարզապես մամուլի միջոցով փորձում են ցույց տալ, թե Արցախում ազդեցություն ունեն, կարող են իրենց ցանկացած անձին պաշտոնի նշանակել կամ ոչ ցանկալիներին աշխատանքից ազատել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրին:

«Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները գիտեին, որ Վիտալի Բալասանյանն ազատելու է պաշտոնը, որովհետև պատրաստվում է ԱՀ-ում կայանալի նախագահական ընտրություններին մասնակցել այնպես, ինչպես ժամանակին պաշտոնը լքեց Արայիկ Հարությունյանը, որը շուտ կողմնորոշվեց ընտրություններին մասնակցելու առումով, որպեսզի կարողանա զբաղվել քարոզչությամբ: Հիմա Վիտալի Բալասանյանը նույնն է անելու՝ լքում է պաշտոնը, զբաղվելու է նախընտրական քարոզչությամբ»,-մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ այժմ տեղեկատվական մանիպուլիացիաներով ամեն ինչ փորձում են այլ համատեքստում ներկայացնել և դրա համար շահարկումներ են արվում՝ ցանկալի սցենարով ներկայացնելու համար: