Ինչո՞ւ է հատկապես Հայաստանում անհրաժեշտ միացնել Facebook-ի անվտանգության լրացուցիչ միջոցները

Սոցիալական կայքերում անվտանգության ապահովումը կրկին դարձել է շատ կարևոր թեմա

Սոցիալական կայքերում անվտանգության ապահովումը կրկին դարձել է շատ կարևոր թեմա, և հատկապես՝ Հայաստանում:

Այն, որ սոցցանցերում, հատկապես՝ Facebook-ում, պետք է զգույշ լինել անձնական տվյալների հետ, ասվում է արդեն մի քանի տարի շարունակ, սակայն օգտատերերի մեծ մասն այդպես էլ չի կարևորում անվտանգությունը և նախընտրում է արագ և հեշտ լուծումները:

Արդյունքում՝ մի շարք հայաստանյան ֆեյսբուքյան էջեր հայտնվում են ադրբեջանական հաքերային կազմակերպությունների թիրախում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները բարձրաձայնում են, որ վերջերս հայկական էջերը կոտրելու և յուրացնելու մի շարք փորձեր են արվել, որոնք մեծամասամբ ավարտվել են հաջողությամբԱմենաթարմ օրինակներից է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը կոտրելը:

Հարց է առաջանում, թե ի՞նչ անել այս դեպքում և ինչպե՞ս պաշտպանել սեփական հաշիվները:

Ի՞նչ է առաջարկում Facebook-ը

Սոցիալական ցանցը, որը երբեք աչքի չի ընկել օգտատերերի անձնական տվյալների ապահով պահպանմամբ, առաջարկում է անել ստանդարտ քայլեր՝

  1. Պաշտպանել գաղտնաբառը
  2. Ոչ ոքի չհաղորդել անձնական տվյալները, կամ՝ մուտքանունն ու գաղտնաբառը
  3. Չընդունել այն մարդկանց ընկերության առաջարկները, ում անձամբ չեք ճանաչում
  4. Զգուշանալ վտանգավոր ծրագրային ապահովումներից
  5. Երբեք չանցնել տարօրինակ և անծանոթ հղումներով, անգամ, եթե դա ուղարկել է ձեր մտերիմ ընկերը կամ ծանոթը
  6. Օգտագործել անվտանգության լրացուցիչ միջոցներ

Վերջին կետի մասին ավելի մանրամասն խոսել ենք տեղեկատվական անվտանգության ոլորտի բլոգեր, ծրագրավորող Սամվել Հայրապետյանի հետ:

«Անվտանգության լրացուցիչ միջոցներ» ասելով՝ սոցիալական ցանցն առաջին հերթին՝ նկատի ունի երկփուլային անվտանգությունը, որը չի թողնում օտար մարդկանց և համակարգերին մուտք գործել ձեր անձնական հաշիվ՝ մինչև ձեզնից լրացուցիչ անձնական կոդ չակտիվացնելը: Սոցիալական ցանցն ամեն անգամ նոր կոդ է ուղարկում այն համարին, որի վրա գրանցված է էջը, ինչպես նաև սմարթֆոնի հասանելի չլինելու դեպքում, նախապես առաջարկում է պահպանել մի շարք ռեզերվային կոդեր, որոնք հնարավոր է կիրառել հետագայում: