Փաշինյանը հերքելով հաստատում է

ՍԴ անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը իշխանությանը ձեռնտու ֆիգուր է

Երեկ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես վարչապետը կմեկնաբանի այն կարծիքները, որ ՍԴ անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը իշխանությանը ձեռնտու ֆիգուր է, եւ դրանով էլ բացատրվում է նախորդ 4 թեկնածուներին չընտրելը, վարչապետ Փաշինյանն էլի մեղքը գցեց ՀՀԿ-ականների վրա․ «Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռեւս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն, եւ խորհրդարանի այդ մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուին։

Այսինքն՝ մինչեւ «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը, Վահե Գրիգորյանը նախորդ գումարման ԱԺ-ին ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից․․․ կարծում եմ՝ նախագահն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ պետք է այդ անարդարությունը վերացվի։ Եթե կա քաղաքական որոշում, ապա այդ որոշումը կայացրել է ՀՀ նախագահը դեռեւս 2018 թվականի աշնանը։ 6-րդ գումարման ԱԺ-ն մերժել է այդ թեկնածությունը, եւ ես կարծում եմ, որ նախագահը անարդարությունը վերացնելու ճանապարհով է առաջնորդվել․․․ Վահե Գրիգորյանը եղել եւ մնում է ՀՀ նախագահի թեկնածուն»։

Հատկանշական է, որ Վահե Գրիգորյանը մոտ մեկ տարի առաջ Արմեն Սարգսյանին «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ» էր անվանում եւ ոչ լեգիտիմ նախագահ համարում։ Դժվար է ասել, թե այդքանից հետո ինչպես կարող էր Գրիգորյանն Արմեն Սարգսյանի «սրտի թեկնածուն» լինել։ Բացի այդ, 2018-ի աշնանը, երբ ՀՀԿ-ական մեծամասնությունը չընտրեց Գրիգորյանին, գործադիր իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, ԱԺ-ն էլ՝ նրա ճնշման տակ։ Ասել է թե՝ ՀՀԿ-ի կողմից Գրիգորյանին չընտրելն ավելի շատ ոչ թե հերքում, այլ հաստատում է վերջինիս՝ նոր իշխանության հարմար թեկնածու լինելու հանգամանքը։ Այսինքն՝ հավանականությունը մեծ է, որ այն ժամանակ էլ էր նոր իշխանությունը շահագրգռված Վահե Գրիգորյանի առաջադրմամբ, իսկ Արմեն Սարգսյանին համոզել-պարտադրելը Փաշինյանի համար բարդ գործ չէր կարող լինել։ Իրեն բնորոշ ոճով, Փաշինյանն այս անգամ էլ ամբողջ ճշմարտությունը չի ասում։