Գիտնականները հայտնաբերել են սառեցված մրգերի անսպասելի օգուտը

Հետազոտության առաջատար հեղինակ Ալի Բուզարին նշում է, որ սառեցնելը մրգերի եւ բանջարեղենի մեջ սննդարար նյութերի պահպանման լավագույն միջոցն է

Սառեցված բանջարեղենը, մրգերը եւ հատապտուղները կարող են ավելի շատ հանքանյութեր եւ վիտամիններ պարունակել, քան թարմերը: Այսպիսի եզրակացություն են կատարել Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի հետազոտողները, հայտնում է CNN-ն:

Հետազոտության առաջատար հեղինակ Ալի Բուզարին նշում է, որ սառեցնելը մրգերի եւ բանջարեղենի մեջ սննդարար նյութերի պահպանման լավագույն միջոցն է: Ինչի՞ հետ է սա կապված: Պատասխանը պարզ է՝ սառեցման համար օգտագործում են հասած մրգերն ու բանջարեղենը, երբ դրանց մեջ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունն առավելագույնի է հասնում: Իսկ ահա վաճառքի համար պտուղները եւ հատապտուղները հաճախ կիսահասած են հավաքում, ինչը օգնում է պահեստներում դրանք պահելու ժամկետի մեծացմանը:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակից Ջին Լեսթերի խոսքով՝ հասած մրգերում վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունը կարող է 10-50 տոկոսով ավելի լինել, քան վաճառելու համար խանութ մատակարարվողների մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս սառեցված արտադրանք ընտրելիս ուշադրություն դարձնել բաղադրության մեջ տարբեր հավելումների բացակայությանը: Դրանից բացի, փաթեթավորված մրգերը, բանջարեղենը եւ հատապտուղները պետք է ամուր լինեն, այլ ոչ թեթեւակի հալված: