Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24%. Ջավադյան

Կառավարության ներկայացուցիչների և մեր մասնագետների կողմից բանակցություններն արդեն սկսվել են

Հայաստանում ֆինանսական կայունության պայմաններում տնտեսական ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Այս մասին այսօր խորհրդարանում  ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ԿԲ-ի գործունեության մասին տարեկան հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:

Մասնավորապես, ըստ նրա, վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը:
Ըստ Արթուր Ջավադյանի՝  ավելացել են վարկավորման ծավալները, ինչը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին. «Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24%, իսկ ավանդներինը՝ 20%: Ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը և այլն»:

Նա նաև նշեց, որ ներկայումս ԿԲ-ն կառավարության հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով։ Բացի այդ, ըստ նրա, աշխատանքներ են տարվում խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ:

«Կառավարության ներկայացուցիչների և մեր մասնագետների կողմից բանակցություններն արդեն սկսվել են»,- ընդգծեց նա։

Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրեց, որ քննարկվում են խոշոր համայնքների, մասնավորապես, Երևան քաղաքի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի  միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Ըստ նրա՝ պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման  նախագծերի ֆինանսավորմանը։

Անդրադառնալով ներդրումային դրամներ թողարկելու վերաբերյալ պատգամավորի մեղադրանքներին՝ ԿԲ նախագահն ասաց, որ ներդրումային հուշադրամների թողարկումը  համաձայնեցվել է Գերմանիայի կառավարության հետ և որպես ներդրումային հուշադրամ  տարածվում է այդ երկրում. «Որևէ կապ, որևէ դրամ կամ լումա ԿԲ-ն դրա վրա չի ծախսել, դա ամբողջությամբ  ընկերության հաշվին է։ Դրանում է ռոյալթիի գաղափարը: Մենք ռոյալթի ենք ստանում, դրա դիմաց արդեն իսկ ստացել ենք 464 հազար եվրո՝ ոչ մի դրամ չծախսելով: Այնպես որ, թյուր է այդ մտահոգությունը։ Դրանք տարածվում են արդեն իսկ եվրոպական լիխտենշտեյնյան ընկերության միջոցով, որոնց ընտրել են իրենք»: