Պուտինի նոր խաղը Հայաստանի հարևանի հետ

Անկարան ռուսական հրթիռային համակարգերը պետք է ստանա արդեն առաջիկա ամիսներին, կան տեղեկություններ, որ հուլիս ամսին

Օրերս Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել С-400 (S-400) զենիթահրթիռային համալիրը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակն է՛լ ավելի չսրելու համար։ Ընդ որում՝ գործակալությունը վկայակոչել էր ռուսական կողմի բարձրաստիճան անանուն աղբյուրը։ Դրան հաջորդեց ռուսական «Ինտերֆաքս»-ի տեղեկությունը, որն իր հերթին հղում անելով անանուն աղբյուրի, հերքել է այս լուրը՝ նշելով, թե Իրանը Ռուսաստանին С-400 գնելու համար ընդհանրապես չի դիմել։

«Ռուսաստանը C-300-ների համաձայնագրի շրջանակում կատարում է հրթիռային համակարգերի սպասարկման իր պարտավորությունները, իսկ С-400-ի համար Թեհրանը Մոսկվային չի դիմել», - գրել է «Ինտերֆաքս»-ը։

Ընդ որում, Bloomberg-ը հայտնել էր, թե Իրանին զենիթահրթիռային այս համակարգը չվաճառելու որոշումը կայացրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պաշտոնապես այս տեղեկությունը Մոսկվան չի հերքել, թեև Bloomberg-ի հաղորդագրությունը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փոխարենը՝ Մոսկվան ակտիվորեն հետևում է С-400-ների մասին ռուս-թուրքական գործարքի շուրջ զարգացումներին։

Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ Անկարան Վաշինգտոնի ճնշման տակ որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի իրագործումը։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված գրաֆիկի համաձայն, հայտարարել է Աքսոյը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը սրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ Անկարան Վաշինգտոնին առաջարկել է ռուս-թուրքական գործարքի շուրջ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Միացյալ Նահանգների մտահոգությունները փարատելու համար։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության, Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել էր C-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Հայտնի է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները նախատեսում են բանակցություններ անցկացնել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում և քննարկել այս հարցը։ Ի դեպ, Ճապոնիայում առանձնազրույց ունենալու մասին այսօր հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ևս։

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի վերաբերյալ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գրեթե ամեն օր անդրադառնում է այս հարցին և կրկնում, որ Թուրքիայի հետ գործարքն իրագործվում է ըստ նախատեսված գրաֆիկի:

Հիշեցնենք, որ Անկարան ռուսական հրթիռային համակարգերը պետք է ստանա արդեն առաջիկա ամիսներին, կան տեղեկություններ, որ հուլիս ամսին:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ տարածաշրջանում իրադրության հետագա լարումը կանխելու համար: «Իրանի խափանարար գործողություններին հակազդող վճռական և հստակ քայլերի բացակայության հետևանքով մենք տեսնում ենք, որ իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, որպեսզի այն կատարի իր պարտականությունները և բոլոր հնարավոր միջոցներով վերջ տա Իրանի միջամտությանը հարևան պետությունների ներքին գործերին», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, գրում է hayeli.am: