Ինչպե՞ս եք կարողացել աշխատել և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի, և՛ Փաշինյանի հետ․ պատգամավորը՝ ԿԲ նախագահին

Ջավադյանը պատասխանեց, որ եթե պատգամավորը մի քիչ էլ խորանար, կպարզեր, որ ինքը ԿԲ խորհրդի անդամ էլ նշանակվել է դեռ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։

Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան երկար ու հասցրե՞լ է մտերմանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ջավադյանը պատասխանեց, որ եթե պատգամավորը մի քիչ էլ խորանար, կպարզեր, որ ինքը ԿԲ խորհրդի անդամ էլ նշանակվել է դեռ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Ինչ վերաբերում է այդքան երկար աշխատելու կարողությանը, ԿԲ նախագահը դա պայմանավորեց իրենց պրոֆեսիոնալ թիմով։