Նիկոլ Փաշինյանն իսկապես ծանր կացության մեջ է ու չգիտի ինչ անել՝ թռչել Տեր-Պետրոսյանի՞ գիրկը

Վարչապետին պարտադրել այն թյուր կարծիքը, թե Մարտի 1-ի գործով թրծված Անդրանիկ Քոչարյանը կկարողանա լավագույնս բացահայտել

Նվեր Մնացականյանի «Հոծ գիծ» հաղորդաշարի հյուրն օրերս սովորական մահկանացու չէր: Նա, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էր, որը, ինչպես հաղորդման սկզբում ասաց Նվեր Մնացականյանը, տաղավար էր ժամանել Նուր Սուլթանից կառավարական ինքնաթիռն իջնելուն պես:
Ակամա մտածեցի՝ տեսնես ի՞նչն է կրիայից ավելի դանդաղաշարժ Կարապետյանին այդքան փութկոտ դարձրել, չլինի՞ Նուր Սուլթանում այնպիսի բան է պատահել, որ մենք չենք իմացել, եւ, ահա, նա եկել է մեզ լուսավորելու: Բանից պարզվեց, սակայն, որ Կարապետյանը եկել էր ասելու, որ հայաստանյան լրատվամիջոցները, քանի որ 90 տոկոսով պատկանում են նախկին իշխանություններին, նենգափոխել են, ճիշտ չեն ներկայացրել վարչապետի այցը Նուր Սուլթան:

Ըստ Կարապետյանի՝ այցի ծրագիրն իրականացվել է ողջ ծավալով, եւ ամեն ինչ նորմալ է անցել: Նշենք, որ մինչ Կարապետյանի այդ լուսաբանումը, հայաստանյան մամուլում եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ հակասական տեղեկություններ էին հայտնվել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նուր Սուլթան մեկնած ՀՀ վարչապետի հանդիպումների ու շփումների մասին: Այդ հրապարակումների եւ գրառումների հեղինակները շեշտը դնում էին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին սպասելի հանդիպման վրա, որն այդպես էլ չկայացավ: Այդ հարցի վրա ծանրացավ նաեւ Վլադիմիր Կարապետյանը եւ կենդանի վկայություն տվեց, որ Նուր Սուլթանում Պուտին-Փաշինյան շփումներ տեղի ունեցան եւ այն էլ՝ երկու անգամ: Հաղորդավարի համառ ջանքերը՝ ավելին կորզել Կարապետյանից, ի դերեւ անցան, եւ ես՝ ՀՀ քաղաքացիս, այդպես էլ չհասկացա՝ մեկ սեղանի շուրջ նստած ՀՀ եւ ՌԴ ղեկավարները գոնե միմյանց ձեռք սեղմե՞լ են, թե՞ ոչ: Ամբողջ հարցն այն է, որ մենք սովորել էինք Փաշինյանի այդ կարգի հանդիպումների համարյա ուղիղ հեռարձակումներին, իսկ այս անգամ ամեն ինչ մի տեսակ համեստ էր ու հայության աչքից խնամքով թաքցված: Իսկապես անպատկերացնելի է, որ ամբողջ աշխարհում մի պապարացի չի գտնվել, որ ֆիքսեր Պուտին-Փաշինյան երկու շփումներից գոնե մեկը: Մի խոսքով՝ Կարապետյանին չհաջողվեց Նուր Սուլթանից բերած «թարմ» լուրերով ապացուցել հայաստանյան մամուլի «զեղծարար» լինելը:

Եթե չհաշվենք Ղազախստանի հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման մասին Կարապետյանի տված կցկտուր տեղեկությունները եւ այն չարչրկված նախադասությունը, թե գործարարները երազում են գալ եւ ներդրումներ ունենալ Հայաստանում, ապա կարելի է ասել՝ այդքանով էլ փակվեց ԵՏՄ-ի թեման, եւ Կարապետյանը հանգիստ կարող էր տուն գնալ: Բայց մեկ էլ Նվեր Մնացականյանն անցավ ներքաղաքական հարցերի, ու այդտեղ ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը բացվեց իր ողջ էությամբ:
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը մնացին երկրորդ պլանում, իսկ առաջին պլան եկան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, որի վառ ներկայացուցիչն էր նաեւ Վլադիմիր Կարապետյանը: Ես արդեն չէի հասկանում՝ Փաշինյանի մամլո քարտուղա՞րն է խոսում, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի «մարտավկան» ու իրավահաջորդը: Նույնն էր բառապաշարը, նախորդ իշխանություններին ուղղված որակումները, ընդհուպ՝ խունտա ու թալանչիներ: Եվ ոչ մի նշույլ հիշողության, ոչ մի խոստովանություն, որ այսօր անընդհատ հոլովվող «նախկին իշխանություն» բառակապակցության ամենասկզբում կանգնած են իրենք, ու նաեւ իրենց մասին է այդ արտահայտությունը, որովհետեւ մերժված համակարգի հիմքերը դրվել են հենց իրենց օրերում: Նույն քամահրական վերաբերմունքն Արցախի ու նրա ղեկավարների հանդեպ, ՀՀՇ-ական նույն անպատկառ ժպիտը, հարցից խուսափելու նույն, մեզ քաջ հայտնի մանիպուլյացիաները: Թող Արցախից գային, մասնակցեին մայիսի 28-ի միջոցառումներին, ո՞վ էր նրանց արգելել՝ իրեն ռետինե խողովակի տեղ դրած՝ հայտարարում է Կարապետյանը, մոռանալով, որ արդեն հայտնի են այն պատճառները, թե ինչու Սարդարապատի տոնական միջոցառումը վերածվեց Նիկոլ Փաշինյանի «մենահամերգի»:

ՀՀ վարչապետի մամլո քարտուղարը, ասացեք խնդրեմ, իրեն իրավունք է վերապահում ոչ միայն հանրությանը, այլեւ վարչապետին պարտադրել այն թյուր կարծիքը, թե Մարտի 1-ի գործով «թրծված» Անդրանիկ Քոչարյանը կկարողանա լավագույնս բացահայտել, «թե մեծ-մեծ խոսացող նախկին իշխանավորները Ապրիլյան պատերազմի օրերին որքանով են նվիրված եղել բանակին»: Ամեն ինչ զավեշտի է վերածվում, երբ Տեր-Պետրոսյանի իրավահաջորդը, որն օրվա ազատ ժամերին նաեւ ՀՀ վարչապետի մամլո քարտուղար է աշխատում, խոսում է Ապրիլյան պատերազմից ու դեռ իրենց «գեղի կլուբից» էլ մեկին առաջ քաշում որպես Մարտի 1-ի փաստահավաքության գործում «մեծ» հաջողություններ արձանագրած մասնագետի:
Որքան հասկացա այս ամենից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես ծանր կացության մեջ է ու չգիտի ինչ անել՝ թռչել Տեր-Պետրոսյանի՞ գիրկը, որի հավատարիմ ծառաներով է այսօր շրջապատված, թե՞ տիրություն անել իր հեղափոխությանը, որ վերածվել է շիլափլավի եւ հանդուրժողականության մթնոլորտ ապահովելու փոխարեն նորանոր կարմիր գծեր է քաշում՝ անհասկացողության պատի տարբեր կողմերում մնացած նախկին ու ներկա իշխանությունների, Հայաստանի ու Արցախի ղեկավարների, ՀՀ եւ ԱՀ հասարակությունների միջեւ, գրումն է hraparak.am: