Գոնե սպասեին, էս էրեխեքն ավարտեին

Հրազդանի բժշկական պետական քոլեջի միավորումը դժգոհություն է առաջացրել

2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել

Կրթության եւ գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին:

Որոշման նպատակը Հրազդան քաղաքում ուսումնական հաստատությունները խոշորացնելու եւ ուսումնական գործընթացը ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցնելու նպատակով  «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միավորումն է ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»  պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: «Հրազդանի պետական բժշկական քոլեջի»  իրավահաջորդը «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ն է լինելու:

Կառավարության որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել Հրազդանի բժշկական քոլեջի ուսանողների շրջանում:

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի կազմ ընդգրկվելով՝ իրենք կորցնում են բժշկական կրթության պետական դիպլոմից եւ մրցունակ չեն լինի աշխատանքի տեղավորվելիս:

Բացի այդ, շատ ուսանողներ նշել են, որ պատրաստվում են տեղափոխվել Երեւանի բժշկական հենակետային քոլեջում սովորելու, որը լրացուցիչ ֆինանսական խնդիրների է հանգեցնելու, քանի որ մայրաքաղաքում ուսումը կազմակերպելու համար հավելյալ ֆինանսական միջոցներ են պետք, որի հնարավորությունը շատերը չունեն:

NEWS.am-ը զրուցել է Հրազդանի բժշկական քոլեջի տնօրեն Գրիգոր Այվազյանի հետ:Նա նշել է, որ արդեն գույքի հանձնման գործընթաց է սկսվել: Մինչ կառավարության որոշումը, քոլեջում տեղյակ էին  առաջիկա հնարավոր օպտիմալացման մասին.

«Դասախոսները եկան ինձ մոտ, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում: Նարնցից շատերն օպտիմալացման արդյունքում կկորցնեն իրենց աշխատանքը:  Փետրվարին ես գնացի ԿԳՆ նորանշանակ փոխնախարարի մոտ, ասացի, որ կոլեկտիվն ուզում է  հանդիպել՝ քննարկելու օպտիմալացման, աշխատատատեղերի հարցը: Պատասխանեց, որ նոր է նշանակվել ու ծանոթ չէ դեռ իրավիճակին: Նամակ գրեցինք, որում ներկայացված էին մեր կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրները, որին մինչ այսօր չեն պատասխանել:

Կառավարությունը որոշումը  կայացել է մայիսի 2-ին, մենք իմացել ենք  մայիսի 15-ին: Իրենք երեք պատճառ են ասում՝ շենքային պայմաններ, լիցենզիոն պայմանների անհամապատասխանություն, նյութատեխնիկական բազայի բացակայություն: Բայց երբ ես 2016 թվականին դարձա տնօրեն, քոլեջն ուներ պարտքեր: Ես երեք տարվա ընթացքում պարտքերը մարեցի: Այդ տարիներին նաեւ ուսանողների թիվը կտրուկ կրճատվեց: Գոնե սպասեին, էս էրեխեքն ավարտեին, իրենց դիպլոմները վերցնեին, նոր կանեին այս ամենը«,- պատմեց Գրիգոր Այվազյանը՝ նշելով, որ ամբողջ գործընթացն իրականացվել է՝ առանց իրենց հետ որեւէ քննարկման: Նրա խոսքով, միայն  Կոտայքի մարզն այլեւս չի ունենալու բժշկական քոլեջ, Ի դեպ, այն գործել է 1997 թվականից:

Քոլեջում այս պահին բոլորն անհանգստացած են: Մի կողմում ուսանողներն են իրենց խնդիրներով, մյուս կողմում՝ աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ կանգնած քոլեջի աշխատակազմը:

Այս պահին քոլեջը 45 աշխատող ունի, 104 ուսանող:

Գրիգոր Այվազյանի հավաստմամբ, իրենք դիմել են միայն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ու սպասում են, որ նա հարցը կբարձրաձայնի: Եթե ոչ, ստիպված են հարմարվել իրականության հետ:

Նշենք, որ ներկայում քոլեջն իր գործունեուոյւնն իրականացնում է  «Հրազդանի N 2 հիմնական դպրոց»-ին ամրացված ուսումնական մասնաշենքի ձախակողմյան տարածքում՝ անհատույց օգտագործման իրավունքով: Սակայն ուսումնական տարածքի փոքր լինելու պատճառով խաթարվում է բնականոն ուսումնական գործընթացը:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցման կամ ամրացման ենթակա դպրոցների ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը եւ իրականացվող ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այս դպրոցի շենքը ենթակա չէ պահպանման՝ պայմանավորված կոնստրուկտիվ լուծումներով: Քանդման է ենթակա նաեւ Հրազդանի պետական բժշկական քոլեջին հատկացված տարածքը: