ՀՔԾ-ն մերժել է Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունն օրենքի անհեթեթ մեկնաբանմամբ մերժել էր, եւ ես ու Արթուր Սաքունցը բողոքարկել ենք գլխավոր դատախազություն

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի և Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ իրենք այդ որոշումը բողոքարկել են գլխավոր դատախազություն։

«Հատուկ քննչական ծառայությունն օրենքի անհեթեթ մեկնաբանմամբ մերժել էր, եւ ես ու Արթուր Սաքունցը բողոքարկել ենք գլխավոր դատախազություն»,-նշեց Իոաննիսյանը։
Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ նոր են ստացել բողոքը, դեռեւս ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ Սաքունցն ու Իոաննիսյանը պնդում էին, որ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։ Մասնավորապես, երբ ԱԱԾ-ն նամակ  էր ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին, այդտեղ, ըստ Իոաննիսյանի, պաշտոնական անձինք պաշտոնեական դիրքը օգտագործել են, որպեսզի պաշտպանեն ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի այն շահերը, որոնք ենթակա են պաշտպանության իրավաքաղաքացիական հարաբերությունների սահմաններում: Եվ այս առումով ապօրինի մշակվել են անձի անձնական տվյալներ, անձին ներկայացվել է ապօրինի պահանջ, և սրանով գործել են պաշտոնեական դիրքի շահերին հակառակ։