Հայկ Մարությանը Մարսելի քաղաքապետի տեղակալին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող խնդիրները

Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարեւորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երեւանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:  

Դիդիե Փարաքյանը նշել է, որ Երեւանի բնակիչների շրջանում նկատում է հույսի ու դրական փոփոխությունների ալիք, ինչը, ըստ նրա, խոսում է վստահության ու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի մասին:

Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարեւորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել: