Սա լրիվ սովետ ա... ես սրա մերը. պատգամավորը դժգոհեց անձնագրային բաժանմունքներից

Ես Հայաստանում եմ 15 օր եւ հասկանալի չէ՝ արդյոք պետք է գրանցվեմ, թե՞ ոչ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Էդգար Առաքելյանը այսօր՝ մայիսի 30-ին, Աժ–ում անդրադարձավ անձնագրերի եւ վիզաների վարչության բաժանմունքներում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ այդ բաժանմունքներում պատճենների հարցը միակ խնդիրը չէ, մի շարք խնդիրներ կան եւ որպեսզի իր հայտարարությունը մերկապարանոց չհնչի, պատգամավորը մեջեբերեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը, որում, մասնավորապես, ասված է. «Ես Հայաստանում եմ 15 օր եւ հասկանալի չէ՝ արդյոք պետք է գրանցվեմ, թե՞ ոչ: Այս մասին քիչ տեղեկություն կա, պաշտոնական կայքերում ընդհանրապես հնարավոր չէ գտնել, ինչ–որ տեղ գրում են, որ ՌԴ քաղաքացիներին ընդհանրապես հարկավոր չէ գրանցվել: Որոշեցի այցելել մոտակա անձնագրային բաժանմունք՝ Արաբկիրի շրջանում: Ինչ ասեմ՝ բառդակ, մարդկային ամբոխ՝ կանայք, երեխաներ, ծերեր, նստարաններ չկան, նստելու տեղ չկա: Այստեղ՝ միեւնույն սրահում ե՛ւ անձնագրեր են տալիս, ե՛ւ օտարերկրացիներին գրանցում, ե՛ւ երեխաներին մանկապարտեզների տեղեկանքներ են տրամադրում, քիչ է մնում կենսաթոշակներ ձեւակերպեն, եւ բոլորն իրար գլխի են, հերթագրման կտրոններ չկան, ոչ մի տեղեկատվություն չկա, սպասում են ժամերով, որ հարցնեն, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Հետո հերթ են կանգնում հաջորդ օրը, որ փաստաթղթերը նրանցից ընդունեն, բայց նրանց կասեն՝ գնացեք, պատճենահանեք, եկեք։ Նրանք վազելով գնում են, փնտրում պատճենահանման տեղ, որը հենց կողքն է, բայց սովորականից 2 անգամ թանկ, այսպիսի բիզնես է, հետ ես վազում, բայց այնտեղ ընդմիջում է։ Զուգարան չկա, ստիպված ես լինում կարիքները հոգալ բակի թփերում: Հոտից դատելով՝ ես այնտեղ առաջինը չէի: Հենց հիմա հերթում կանգնած եմ 1.5 ժամ, պատուհանի մոտ հրաժարվում են հարցերին պատասխանելուց, ուղարկում են հերթում կանգնելու, դրա հերն եմ անիծել, պատասխանեք ախր, ինձ գրանցում պե՞տք է, թե՞ ոչ: Կամ էլ կանոնները ցույց տվեք. չէ, ասում են, գնա հերթ կանգնիր: Հ.Գ. 2 ժամից ավելի կանգնեցի ու ինձ ասացին, որ ռուսական կամ արտասահմանյան անձնագրի նոտարական թարգմանություն է պետք, հարցրի քանի՞ օր ՌԴ քաղաքացիները կարող են մնալ առանց գրանցման, այդ հարցը մորքուրներին փակուղու առաջ կանգնեցրեց։ Սա լրիվ սովետ ա... ես սրա մերը...»։

Պատգամավորը բոլոր պատկան մարմիններին հորդորեց այդ հարցը լուծել եւ չմսխել հեղափոխությունը. «Հարգելի ոստիկանություն, հարգելի պատկան մարմիններ, ես հասկանում եմ, որ այս ժառանգությունը դուք ստացել եք ոչ միայն Հին Հայաստանից, այլ նաեւ ԽՍՀՄ–ից։ Սակայն եկեք չմոռանանք, որ մենք 1 տարի է՝ ապրում ենք նոր Հայաստանում, եւ 28 տարի է՝ ապրում ենք անկախ, ինքնիշխան Հայաստանում, որտեղ մարդը մատերիա չէ, մարդը բարձրագույն արժեք է։ Բոլորը այս երկրում իրավունք ունեն ակնկալել, որ այս վիճակը արմատապես փոխվի: Ի՞նչն է խանգարում մեր ոստիկանությանը դնել նստարաններ, ապահովել մաքրվող զուգարանով, դնել սեղան, թուղթ, գրիչ, դնել հերթագրման սարքեր, որոնք կան յուրաքանչյուր բանկում, փակցնել հայտարարություններ: Եթե պետությունը չի մատուցում նույն որակի ծառայություն, ինչպես մասնավորը, նշանակում է՝ խնդիրը վատ մենեջմենթն է, իսկ վատ մենեջերներին բոլորս գիտենք՝ ինչ են անում եւ այսպես շարունակվելու դեպքում կանենք, թող ոչ ոք չկասկածի։ Ոչ մի պաշտոնյա, ինչքան էլ բարձրաստիճան լինի, իրավունք չունի մսխելու հեղափոխությունը, ժողովրդավարությունը»։