Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը եւ պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է խոշոր հայկական համայնք ունեցող Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցությունը, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: «Հայաստանում Ֆրանսիան համարում են մեր երկրի եւ ժողովրդի ամենամեծ բարեկամներից մեկը: Մեզ միավորում են ամուր պատմական կապերը, եւ մենք շահագրգռված ենք բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը նշել է, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից՝ խոսելով համատեղ ծրագրերի, Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքի մասին: «Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունենք եւ պատրաստակամ ենք խորացնել դրանք: Ֆրանսահայ համայնքը մեծ հարգանք է վայելում եւ ակտիվ ներգրավված է տարբեր ոլորտների զարգացման գործում», - ասել է նա: Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, առեւտրաարդյունաբերական պալատի անդամներ, եւ պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները: Վարչապետը ներկայացրել է մենաշնորհների հաղթահարման, հավասար ու արդար մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, նշել, որ տնտեսական աճի դրական միտումներ են արձանագրվում, եւ ներդրումների համար նպաստավոր դաշտ է ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ, եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնմամբ, որը կնպաստի ոչ միայն տնտեսական կապերի զարգացմանը, այլեւ տնտեսվարման նոր մշակույթի ներդրմանը:
Մարտին Վասալը նշել է, որ ներդրումային նպաստավոր պայմանների եւ հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի գործարար շրջանակներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ժխտողականության դատապարտման գործում Ֆրանսիայի կարեւոր դերակատարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը շատ լայն արձագանք է գտել Հայաստանում, ողջ հայության շրջանում, եւ հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային՝ Ցեղասպանությունից փրկված հայերին գրկաբաց ընդունելու, ապաստան տալու, ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման պայմաններ ստեղծելու համար:
0Comments