Ո՞վ է պատասխանատու. Սուրեն Պարսյան

Նախորդ իշխանությունների օրոք երբ բենզինի կամ դիզելի գները բարձրանում էր, մեղավոր էին «նշանակվում» օլիգարխներ

Հայաստանում բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ թանկացել է 30-40 դրամով այն դեպքում, երբ վերջին ամսվա ընթացքում միջազգային շուկայում նավթի գների զգալի անկում է գրանցվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ գների բարձրացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ այդ թվում բենզինի և դիզելային վառելիքի շուկայում նոր ներկրողների բացակայությամբ։Տնտեսագետի խոսքով՝ 90-ականներից սկսած Հայաստանի բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գործում են մի քանի տնտեսվարող սուբյկետներ, որոնք ամբողջապես վերահսկում են հեղուկ վառելիքի շուկան։

«Ներկայումս «Ֆլեշ» և «Սի Ֆի Էս օյլ» ընկերություններին է բաժին ընկնում  շուկայի 85-90 տոկոսը: Այս ընկերությունների կողմից վերահսկվում է ներմուծում- մեծածախ, մանրածախ վաճառք ողջ շղթան. նրանց է պատկանում բենզալցակայանների գրեթե կեսը, ինչը թույլ է տալիս վերահսկել նաև մանրածախ առևտուրը, այսինքն՝ եթե նոր ընկերություն որոշի վառելիք ներկրել, նա խնդիր է ունենալու դրա իրացման ժամանակ, դրանով է նաև պայմանավորված նոր ներկրողների բացակայությունը»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ անցյալ տարի, երբ նվազում էին  բենզինի և դիզելային վառելիքի գները, գործող իշխանությունները շտապում էին այն վերագրել որպես հաջողություն՝ աչք փակելով այն երևույթի վրա, որ  այս երկու ընկերությունների կողմից շարունակվում է գների միասնաբար իջեցման կամ բարձրացման քաղաքականությունը։

Այս հանգամանքն ըստ տնտեսագետի՝ փաստում է վառելիքի շուկայի համակենտրոնացման մակարդակի մասին, ինչի պայմաններում շարունակվում է պահպանվել միասնական գնային քաղաքականության բարձր ռիսկը:
««Ֆլեշ» և «Սի Ֆի Էս օյլ» ընկերությունները հեղուկ վառելիք ներկրում են տարբեր գներով և վաճառքի ժամանակ իրականացնում են տարբեր ծավալի ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ վաճառքը հիմնականում իրականացնում են միևնույն գներով, ինչը լուրջ կասկածներ պետք է առաջացնի պատկան մարմինների համար: Սա այն դեպքում, երբ վերջին ամսվա ընթացքում միջազգային շուկայում նավթի գների զգալի անկում է գրանցվել: Նախորդ իշխանությունների օրոք երբ բենզինի կամ դիզելի գների բարձրանում էր, մեղավոր էին «նշանակվում» օլիգարխները, իսկ հիմա ո՞վ պետք է պատասխան տա գների բարձրացման համար»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը նկատեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է իրավիճակը, մինչդեռ գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջան է և հատկապես դիզելային վառելիքի թանկացումը հարվածելու է առաջին հերթին գյուղացու գրպանին։

Տնտեսագետի խոսքով՝ գործող իշխանությունները բավարար ժամանակ ունեին, որպեսզի գնահատեին հեղուկ վառելիքի շուկայի հիմնախնդիրները և առաջադրեին լուծումներ, ինչը, սակայն չի արվել։

Մեր գրասենյակի կողմից դեռ 2018 թվականի փետրվարին հրապարակվել էր ամփոփ վերլուծական «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով, որի շրջանակում տրվել է այս շուկայում արմատական բարեփոխումներ անելու նոր մոտեցումներ, մասնավորապես՝ առաջարկվում է առանձնացնել մեծածախ և մանրածախ վաճառքները, այսինքն՝ ներկրող ընկերությունները չեն կարող ունենալ սեփական բենզալցակայանները: Սա թույլ կտա նվազեցնել գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շուկայական իշխանությունը, ինչպես նաև բենզալցակայանների ձեռնարկատիրական գործունեությունը վերադարձնել փոքր և միջին բիզնեսին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը միաժամանակ նկատեց, որ հեղուկ վառելիքի շուկայում դեռևս մեծ է ստվերի մակարդակը, անորակ վառելիքի առկայությունն ու թերլիցքավորումը, որոնց լուծման համար կառավարությունը որևէ տեսանելի արդյունքներ չի գրանցել: