Մխիթար Հայրապետյանը կամ միտումնավոր չի հիշում, կամ սուտ է խոսում

Ես ասեմ, որ հեղափոխության շրջանում հայտնի սև պաստառները, դագաղները որևէ դեպքում մեր քաղաքական թիմի կողմից չեն ողջունվել։ Մենք, ընդհակառակը, դատապարտել ենք նման մոտեցումները

Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին լրագրողներից մեկը խնդրեց  անդրադառնալ մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հնչած կոչերին, և թեպետ «Իմ քայլից» հերքում են, որ կապ են ունեցել այդ միտինգի հետ, ինքն ինպե՞ս է գնահատում այդ կոչերը, և արդյո՞ք ատելության խոսքը չսկսվեց հենց հեղափոխության օրերից, երբ ՀՀԿ-ական պատգամավորներին դագաղներ էին ուղարկում, սև ժապավեններ էին կապում, ու արդյո՞ք միտինգում հնչածը սրա շարունակականությունը չէ։

Մխիթար ՀայրապետյանԽոսքը հավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանի հայտնի ելույթի մասին է, երբ վերջինս սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին։

«Ես ասեմ, որ հեղափոխության շրջանում հայտնի սև պաստառները, դագաղները որևէ դեպքում մեր քաղաքական թիմի կողմից չեն ողջունվել։ Մենք, ընդհակառակը, դատապարտել ենք նման մոտեցումները, ատելության խոսք պարունակող որևէ տեսակի հայտարարություններ կամ գործողություններ երբևէ մեր քաղաքական թիմի կողմից աջակցություն չեն ստացել»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նա նաև ևս մեկ անգամ շեշտել է, որ իրենց քաղաքական թիմը նման հավաքի հետ որևէ առնչություն չունի, և, անշուշտ, իրենք դատապարտում են որևէ տեսակի ատելության խոսք։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքից առաջ չասվեց, որ իրենց հետ դա կապ չունի, նախկին նախարարը պատասխանեց, որ, օրինակ, ինքը հանրահավաքից հետո է իմացել, որ այն եղել է, ու վստահ չէ, որ Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է։

Մխիթար Հայրապետյանը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ, մեղմ ասած, ճիշտ չի ասում։ Երբ անցած տարվա ապրիլ-մայիսին Երևանի փողոցներում իրենց համակիրները թաղումներ էին կազմակերպում, ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սև ժապավեններ էին կապում, մարզերի կուսակցական գրասենյակների մոտ սգո ծաղկեպսակներ էին դրվում, իրենց կուսակցության ղեկավար կազմը ոչ միայն դեմ չէր դրան, այլ նույնիսկ իրենց ֆեյսբուքյան էջերում էին տեղադրում այդ ակցիաների լուսանկարներն ու ծաղրալից մեկնաբանություններ գրում։

Այսպես, երբ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անվամբ սև ժապավեն էին կապել ու վրան գրել՝ Շարմազանով-42, ՔՊ-ական վերնախավը ներկայացնող, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այդ լուսանկարը ոչ միայն իր ֆեյսբուքյան էջում էր տեղադրել, այլև գրել էր` RIP, ինչը նշանակում է՝ հանգչիր խաղաղությամբ։

 

Մխիթար Հայրապետյանն առնվազն չի հիշում կամ կրկին  սուտ է ասում, որ իրենց քաղաքական ուժը միշտ դեմ է եղել ատելության խոսքին, այլապես պետք է իմանար, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց հանրապետական պատգամավորների հեռախոսահամարները, և հնարավոր ու անհնարին սեռական բնույթի հայհոյանքների տարափն իրենց վրա զգացին ՀՀԿ-ական ոչ միայն տղամարդ, այլև կին պատգամավորներն ու նրանց ընտանիքի անդամները, ներառյալ՝ անչափահաս երեխաները։ Եվ միայն այն բանից հետո, երբ Մարգարիտ Եսայանը Նիկոլ Փաշինյանից պահանջեց վերջ տալ այդ այլանդակությանը, այլապես ինքը կհրապարակի նաև Փաշինյանի ընտանիքի անդամների հեռախոսահամարները, ալիքը մի փոքր մարեց։

Նույնիսկ լրատվամիջոցների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ՝ հեղափոխությամբ եկած իշխանություններին հորդորելով իրենց համակիրներին կոչ անել՝ դադարեցնել լրատվամիջոցների դեմ հարձակումները, սակայն ապարդյուն։

Չի՞ հիշում Մխիթար Հայրապետյանն այս ամենը, իհարկե հիշում է։ Հիշում է նաև հասարակությունը, և հիմա որքան էլ նա փորձի իրենցից հեռացնել այդ արատավոր վարքագիծը, չի կարող, որովհետև կյանքում միշտ էլ անխուսափելիորեն գործում է բումերանգի օրենքը։