Կշարունակեն ուժասպառ անել Հայաստանին. Ռուսական անդրադարձ Արցախին

Մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղում կրակի անժամկետ դադարեցման մասին համաձայնագրի 25 տարին

Մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղում կրակի անժամկետ դադարեցման մասին համաձայնագրի 25 տարին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակիցներ Կիրիլ Կրիվոշեևը և Հայկ Խալաթյանը եղել են Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և եկել անմխիթար եզրակացության. Երևանի և Բաքվի՝ տարեսկզբին արված հայտարարությունը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին, տեղապտույտի մեջ է: Ըստ aravot.am-ի՝ նյութի հեղինակներն արձանագրում են, որ ազդարարված առաջադրանքները՝ մարդկանց միջև շփումների ձևավորումը, ենթադրում է ընդամենը վերադարձ 2000-ականների վիճակին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք կհաջողվի՞ այդ նպատակներին հասնել, նախքան կողմերից մեկը կփորձի սառեցված հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:

Այն փաստը, որ դիվանագետները ստիպված էին քաղաքական կարգավորման բանաձևի քննարկումից անցնել մարդասիրական հարցերի, ցույց է տալիս, որ կա համակարգային խնդիրը. վերջին տասնամյակում Երևանի և Բաքվի միջև վստահությունը նվազել է, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ իրավիճակի մեջ մեղադրվելով Բաքվին. «Ադրբեջանում շարունակվող հակահայկական տրամադրությունների սերմանումը, Ռամիլ Սաֆարովի օրինակը և այդ ամենի գագաթնակետը՝ 2016թ. ապրիլը, միայն հաստատում են այն, որ մենք անվանում ենք էքզիստենցիալ ռիսկերի նկատմամբ բարձր զգայունություն»: Ուշագրավ է, որ Բաքվում «Կոմերսանտի» գրեթե բոլոր զրուցակիցները Ռամիլ Սաֆարովի և՛ արարքի, և նրա հերոսացման մասին խոսում են դատապարտումով: «Նա պարզապես փաստի առաջ է կանգնեցրել մեզ,- «Կոմերսանտին» ասել է Ադրբեջանի պետական կառույցների աղբյուրը:- Իսկ հիմա հայերն ամեն առիթով օգտվում են այդ միջադեպից՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ բանակցային գործընթացում»: Մինչդեռ Էլմար Մամեդյարովը հերքել է այն ենթադրությունը, որ Սաֆարովի միջադեպը լրջորեն ազդել է բանակցային գործընթացի վրա: «Բոլոր խնդիրների պատճառը Հայաստանի օկուպացիոն ուժերի անօրինական ներկայությունն է իրենց կողմից զավթված և պահվող ադրբեջանական տարածքներում, որտեղ դրա պատճառով չեն կարող վերադառնալ հարյուր հազարավոր ադրբեջանցի հարկադիր տեղահանվածներ, այդ թվում Ռամիլ Սաֆարովի ընտանիքը, որն արտաքսվել է Ջեբրայիլի շրջանից»,- ասել է արտգործնախարարը:

Հաշվի առնելով փոխադարձ վստահության պակասը՝ Հայաստանում չեն թաքցնում բանակցային դիրքերը բարելավելու իրենց մտադրությունը: 2018թ. վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կհասնի նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվի բանակցային գործընթացում: «Եթե ղարաբաղցիները չներգրավվեն գործընթացում, նրանք չեն ունենա դրան մասնակցելու զգացողություն: Եվ մենք չենք կարող նրանց թելադրել այս կամ այն որոշումը»,- պարզաբանել է Զոհրաբ Մնացականյանը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ից ակնարկում են, որ երբեք չեն ընդունի այդ տրամաբանությունը: Էլմար Մամեդյարովը «Կոմերսանտին» ասել է. «Հայաստանի Հանրապետության դեմ՝ որպես հակամարտության կողմ. հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը: Այս ձևաչափը հաստատվել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշմամբ 1992թ. մարտի 24-ին: Այդպիսին է իրողությունը: Մնացած ամեն ինչը կամ ավելորդ մտքեր են, կամ մտացածին պատրվակներով կարգավորման գործընթացը ձգձգելու փորձեր»: 
Վստահություն հաստատելու կոչերին զուգահեռ կողմերը ցույց են տալիս իրենց ներուժը պատերազմի դեպքում: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկ ամիս առաջ անգամ արտահայտեց երկրի քաղաքականությունը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևը: Դա նշանակում է, որ հակամարտության վերսկսման պարագայում Հայաստանն ակնկալում է ոչ միայն պաշտպանվել, այլև ընդլայնել իր ազդեցության գոտին: Իհարկե, 2016թ. հակամարտության արդյունքները ցույց են տալիս, որ ուժերի դասավորությունն այլ է, և նոր տարածքներ կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը, կարծում են հոդվածի հեղինակները:

«Կողմերը պետք է որոշ ժամանակով մի կողմ դնեն կարգավորման քաղաքական բանաձևի քննարկումները,- նկատ է Միքայել Զոլյանը:- Ցանկացած դետալիզացում հիմա միայն կվնասի, ուստի թող նպատակը առայժմ լինի վերացական՝ խաղաղություն: Իսկ հետո, երբ երկու-երեք տարի անց սահմանին ոչ մի միջադեպ չի լինի, կարելի է անել հաջորդ քայլը»: Ադրբեջանի արտգործնախարարը նման մոտեցման հետ համաձայն չէ: «Հակառակը: Ինչպե՞ս մենք կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը, երբ ունենք հայրենի գյուղերից ու քաղաքներից արտաքսված այդքան մեծ թվով մարդիկ: Վստահությունը վերականգնելու ցանկացած փորձ, որը ամրապնդված չէ բանակցային գործընթացում իրական քայլերով, նախապես դատապարտված է պարտության»,- ասել է նա: Կողմերի՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու մտադրությանն առավել կասկածամտությամբ է վերաբերվում ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: «Ես կարծում եմ, որ դա շեղում է իրական և բարդ փոխզիջումային որոշումներից,- ասել է նա «Կոմերսանտին»:- Եթե դու չես ցանկանում ինչ-որ բան անել, դու սկսում ես խոսել այդ բաների մասին: Խաղաղության հասել են միայն այնտեղ, որտեղ եղել է կամ պատերազմ, կամ երկարատև առճակատում: Եթե Մոսկվայի դիրքորոշման պատճառով մենք չենք կարող պատերազմ սկսել ընդհուպ մինչև խաղաղություն, ապա կշարունակենք ուժասպառ անել Հայաստանին: Բայց միանշանակ է, որ չենք զիջի»:

2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ իրականացնել տնտեսական հեղափոխություն, այդ թվում՝ թշնամու այդպիսի ճնշմանը դիմակայելու համար: Սակայն այդ պահից հետո տնտեսական հեղափոխությանը գործը չի հասել. Փոխարենը Հայաստանում շարունակվում է վերնախավերի ակտիվ պայքարը, եզրափակում են հոդվածի հեղինակները, գրում է hayeli.am: