Բացառություն ՀՀ վարչապետի համար

Ղազախստանում Նազարբաևի անվան շքանշանները շնորհվել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը Նուր Սուլթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարգևատրել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով, հայտնում է rbc.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ շքանշանը Պուտինին շնորհվել է երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար:

Շքանշանը շնորհվել է նաև եվրասիական ինտեգրման գաղափարի ստեղծման 25-ամյակի և Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի ստորագրման հնգամյակի կապակցությամբ:

Ինչպես նշում է interfax.ru-ն, Տոկաևի հրամանով՝ Նազարբաևի անվան շքանշանին են արժանացել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հատկանշական է, որ երկու պետությունների ղեկավարները շքանշանը ստացել են Նազարբաևի ձեռքից:

Rusarminfo-ի տվյալներով՝ բացառություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի անունը չի նշվել շքանշանով պարգևատրման վերաբերյալ նահագահական հրամանագրում:

«Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանը սահմանվել է 2001թ.:  Բարձրակարգ ոսկուց պատրաստված, ադամանդներով և այլ թանկարժեք քարերով զարդարված շքանշանը շնորհվում է այն պետությունների ղեկավարներին, որոնք մեծ ավանդ ունեն Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները: