Փաշինյանի վտանգավոր մենությունը

Սա տխուր է, բայց նաև՝ օրինաչափ, որովհետև երեկվա կրիմինալացված խուժանը ամիսներ շարունակ եղել է իշխանության «փողոցային արդարադատության» գործիքը

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքին ու դրանում հնչած բռնության կոչերին ոստիականությունն արձագանքեց՝ բերման ենթարկելով ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին։ Դա այն նվազագույնն էր, ինչը պարտավոր էին անել իրավապահ մարմինները, սակայն, տվյալ պարագայում, խնդիրը դուրս է միայն իրավական հարթությունից ու ակներևաբար ոստիկանությունից չէ, որ պետք է պահանջենք հիմնական հարցերի պատասխանները։ Պատահական չէ, որ քաղմասից դուրս գալուց հետո մեր «հերոսը» լայվ մտավ՝ այս անգամ սպառնալով ու անվանարկելով պատգամավորներին, վերլուծում է ՞Առաջին լրատվականը՞։

Ակնհայտ է, որ այս երիտասարդների, քաղաքական արկածախնդրության ինքնադրսևորման արմատները շատ ավելի խորն են ու այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում՝ հեղափոխության օրակարգի վտանգավոր տրանսֆորմացիայի, անցած մեկ տարվա ոչ արդյունավետ կառավարման, նոր համակարգի չստեղծման մակերեսային դրսևորումն է։ Այս երիտասարդներին, իհարկե, քաղաքական հարթության վրա հնարավոր է լոկալացնել՝ ինչպես դա տեղի ունեցավ «Ռեստարատ» շարժման պարագայում, երբ նրա ներկայացուցիչներն իրականացրեցին, այսպես կոչված, «աղբաման» օպերացիան։ Սակայն դա էլ խնդիրը չի լուծու, որովհետև ամեն ինչի հիմքը երկրում ստեղծված իրավիճակն է, տոտալ անհանդուրժողականության միջավայրը, որը պարարատ հող է մեր հեղափոխության, այսպես կոչված, «ուկրիանացման» համար։

«Իմ քայլը» դաշինքը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքին ու դրան հաջորդած երթին: «Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»,- ասված է հայտարարության տեքստում։

Իհարկե, դրական է, որ «քայլողները» ձերբազատվում են քաղաքական մարգինալիզմից, սակայն հայտարարությունն ակնհայտորեն թույլ է ու՝ եթե հաշվի առնենք, որ դրա հեղինակը իշխող քաղաքական դաշինքն է, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ դրանում տեղի ունեացածը նույնիսկ քողարկված խրախուսվում է։ Հայտարարության տեքստում որևէ ակնարկ չկա այն մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը խստիվ դատապարտում է երեկ հնչած ելույթները կամ բռնության ակնհայտ կոչերը։ Այնպսիսի տպավորություն է, որ հայտարարությունը հեղինակել է դիտորդական առաքելություն իրականցնող մի կառույց, որը որևէ քաղաքական պատասխանատվություն չի կրում այս երկրում ծավալվող իրադարձությունների համար։ Միթե՞ Փաշինայնն այսքան մենակ է ու նրա քաղաքական թիկունքն՝ այսքան ամուլ։

Սա տխուր է, բայց նաև՝ օրինաչափ, որովհետև երեկվա կրիմինալացված խուժանը ամիսներ շարունակ եղել է իշխանության «փողոցային արդարադատության» գործիքը, երբ պետք էր ցույցեր անել Մանվել Գրիգորյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Խնդիրը վերջիններիս արդարացնելը չէ, նրանք պետք է դատվեն ու օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար՝ դա անքննարկելի է։ Խնդիրն այն է, որ քաղաքականության, քաղաքական թիմի բացակայությունը, մեկ տարվա պարապուրդը հանգեցրել են հեղափոխության օրակարգի ձևախեղմանը, վակուումին, որը փորձում են լրացնել արյան ու բռնության կարոտ մարդիկ՝ դիմելով ակնհայտ քաղաքական սադրանքների։ Խոսքն ամենևին էլ միայն այս երիտասրադների մասին չէ, այլ հասարակական ավելի շատ խմբերի, որոնք շարունակում են ապրել պերմանենտ հեղափոխության իներցիայով։

Հեղափոխության հաղթանակից մեկ տարի հետո Փաշինյանը գտնվում է քաղաքական մենության մեջ։ Նրա ֆորմալ թիմը նստած է բացառապես վարչապետի բարձր վարկանիշի վրա՝ ագահորեն խժռելով, մսխելով այն, կապկելով Փաշինյանին՝ անմեղսունակությունը դարձնելով քաղաքական կատեգորիա։ Այսպսիսի թիմը ռացիոնալ ասելիք, արժեքային համակարգ չունի ու դրա համար հեշտությամբ տրվում է «սևի» ու «սպիտակի» պրիմիտիվ գայթակղությանը՝ քաղաքական դաշտի սուբյեկտ դարձնելով տարբեր կալիբրի «ադեկվատների» ու նրանց դեմ պայքարող հեղափոխական «ոչ ադեկվատների»։

Մեկ մարդը գուցե կարողնա հեղափոխություն իրականցնել, սակայն իրենով ու իր վարկանիշով չի կարող ծածկել պետական համակարգի, քաղաքական մեծամասնության անգործությունը։