Սա մարդկանց հիպնոսի ենթարկելու դասե՞ր են․․․

Եթե առաջ դա աշխատում էր, հիմա ի վնաս ձեզ է աշխատում

«Երեք մանեթանոց լացողների մասին» լսած կլինեք,  ովքեր իրենց մազերը փետրում, երեսը ճանկռում և լալահառաչ վույ- վույ են անում։ Մրցույթի նման մի բան է լինում, թե ով ավելի լավ կկատարի պատվերը՝ ականջ խլացնող ձայնով, սրտառուչ բառերով և «իրեն ավելի լավ ծեծելով»։

Արդեն մի տարի, գուցե նաև ավել,  կլինի, որ դրան շատ նման մի բան է կատարվում շուրջս, ու ես չեմ կողմնորոշվում՝ դա ի՞նչ է։ Երբ վարչապետը կամ իր կինը խոսում են, ինչ թեմա ուզում է լինի,  գրառումների մի տարափ է լինում, մրցույթի նման, թե ով ավելի լավ կգովի վարչապետին կամ իր կնոջը։ Ոնց որ գրառում անողները գուսաններ լինեն՝ քյամանչաները առած երգում են։ Նույնանման,  ներվերի վրա ազդող նույն կեցցեներով ու բռավոներով, գովասանական նույն բառ ու հանգով տողեր, կարծես «մի ստանոկի տակից դուրս եկած լինեն»։ Ոնց որ հիպնոսի դասընթացներ լինեն, որ չես հասկանում՝ ինչու է կիրառվում, ինչ նպատակով։ Երևի գիտեք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին։ Չանդրադառնամ պատասխանին, այլ  կուզեմ անդրադառնալ տիկնոջը գովեստի խոսքեր շռայլողներին (ներկայացնում եմ առանց ուղղումների)․

Karine Hasratyan Մեր շատ սիրելի Աննա Հակոբյան ուղղակի առհամարեք,նախանձից խելագարվածներին

Nune Hayrapetyan ապրի մեր գրագետ գեղեցկուհին

Նաթելա Մարտիրոսյան Կեցցեք, տիկին Աննա։ Լավ պատասխանեցիք թուրքին։

Narek Ghazaryan    Ապրի մեր գրագետ  և շնորհավաստակ Աննան  Apri Mer graget u shnorhavastak Annan

Sandukht Hakobyan  Կեցցե մեր խելացի վարչապետի խելացի կինը Kecce mer xelaci varcapeti xelaci kin@

Aid Yeghiazaryan

Դուք համեստ եք, խելացի, հաճելի  duq hamest eq, xelaci, hajeli․․․

Չշարունակեմ գուսանական կատարումները։ Սա մարդկանց հիպնոսի ենթարկելու դասե՞ր են․․․ Չե՞ք զգում, որ բացասական գրառումներն այնքան ճնշող են դարձել, որ մի թիմ էլ նստի ու սազերը վերցնի, չի կարող ծածկել դրանք։ Երգի մրցու՞յթ է սա, թե ինչ։ Քիչ է մնում Սայաթ Նովայի երգի մրցույթ հայտարարվի՝ Աննա, դուն կրակ, հագածդ կրակ, վո՞ւր մե կրակին դիմանամ... Ավելի ցավալին այն է, որ երբ ուզում ես, երգողին գտնել՝ կամ էջ չկա, կամ ֆեյք է․․․

Վերջ տանք ազգովի դրական ու բացասական գրառումների այս շոուին, որը տարուց ավելի է, ինչ դրվել է շրջանառության մեջ։ Նման բան երբևէ չի եղել։ Եթե առաջ դա աշխատում էր, հիմա ի վնաս ձեզ է աշխատում։ hraparak.am