Նախկինում Հայաստանին հաջողում էր հստակ դիրքորոշում չհայտնել՝ Արևմու՞տք, թե՞ ՌԴ

«Հայաստան-Ռուսաստան-նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատեց, որ գնալով ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը

Ակնհայտ է, որ գնալով ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, հիմա շատ ավելի սուր է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան-նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

«Նախկինում Հայաստանին հաջողում էր հստակ դիրքորոշում չհայտնել, որը դժգոհություն էր առաջացնում Ռուսաստանում: Ներկայիս իշխանությունն էլ փորձում է նույն քաղաքականությունը տանել, բայց թե որքանով կհաջողվի, կտեսնենք: Սիրիայի հարցում Արևմուտքի դժգոհությունը բերեց նրան, որ Հայաստանը ուղարկեց իր զորքերը, չնայած Ռուսաստանում էլ դրական ընդունվեց, բայց խնդիրներ կարող են լինել այստեղ»,- ասաց բանախոսը:

Նա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հայկական իշխանություններին կհաջողվի շարունակել այն քաղաքականությունը՝ հստակ չբռնել Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմը, որովհետև յուրաքանչյուր նման ընտրությունը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար:

«Մյուս խնդիրն էլ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն էն՝ ի՞նչ է կատարվելու: Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականությունն իր դաշնակիցների հանդեպ ինչպես  է փոխվում: Ռուսական կողմը հստակ ասում է Բելառուսին՝ «եթե մենք ձեզ մի բան տալիս ենք, դուք պետք է պատասխան մի բան տաք դիմացը»: Բելառուսը դիմադրում է, բայց երկար չի կարող դիմադրել:

Կտեսնենք, թե ինչպես կվերջանա այդ քաղաքականությունը, ինչն էլ հստակ ցույց կտա Հայաստանի ապագան. մեզանից ի՞նչ է ուզելու և մենք ի՞նչ ենք կարողանալու պատասխանել Ռուսաստանին»,- շեշտեց քաղաքական մեկնաբանը: