Ի՞նչ է Կրեմլին պետք Փաշինյանի իշխանությունից

Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ

 

Կառավարության նիստից հետո լրագրողներին ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշ ուշագրավ մտքեր է արտահայտել:

Պատասխանելով հարցին՝ վարչապետի ակնարկած դավադրությունն արտաքին ուժերի՞ կողմից է նախատեսվում, թե՞ ներքին, ԱԱԽ քարտուղարը պատասխանել է. «21-րդ դարում դավադրության ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետև դրանք որոշակի չափով փոխկապակցված են, կարելի է և՛ արտաքին դիտել, և՛ ներքին: Շատ հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն են ունենում, այդ առումով շատ բան ասելու անհրաժեշտություն չկա այս պահին, ինչ կարողացել ենք, ասել ենք»:

Հարցին՝ իսկ արդարացա՞ն ԱՄՆ այցից Ձեր սպասելիքները, Արմեն Գրիգորյանը, ընդհանուր առմամբ, այն դրական գնահատեց. Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել են հայ–ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ «Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ–ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես` ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։ Բացի այս` հնարավորություն է եղել հանդիպելու հայ համայնքի հետ, եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն է եղել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու: Արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- մանրամասնեց նա:

Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԼՂ հարցը չի քննարկվել, բայց Սպիտակ տանը ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և խաղաղությանն աջակցող երկրի:

«Հայ-ռուսական հարաբերություններում ես որևիցե խնդիր չեմ տեսնում»,-հավելել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա վստահեցրեց՝ իր մակարդակով ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատում են. «Ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ: 3 անգամ հանդիպել ենք, շուտով հունիսի 18-ին կհանդիպեմ Ռուսաստանում: Երևի նաև կլինի Պատրուշևի այցը Հայաստան, դա բանակցությունների փուլում է: Այս առումով որևիցե խնդիր չկա: Կարծում եմ՝ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է՝ իրականության հետ որևէ կապ չունեցող»:

Դատելով Արմեն Գրիգորյանի խոսքից՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևն առաջիկայում կարող է ժամանել Հայաստան: Այս այցը ուշագրավ կլինի աշխարհաքաղաքական նոր իրավիճակում՝ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին: Ռուսաստանը Ադրբեջանի, Իրանի հետ իր շահն ու խաղն է առաջ տանում:

Ի՞նչ է Մոսկվային պետք Հայաստանից, այն էլ այն դեպքում, երբ ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի հավաստմամբ՝ ԱՄՆ-ին Արցախն, ինչպես երևում է, առանձնապես չի էլ հետաքրքրում, գրում է hayeli.am: