Բաց նամակ Ստեփան Դանիելյանին

Խորհուրդ կտայի այլևս չներկայանալ որպես քաղաքագետ ու չվիրավորել լուրջ մարդկանց

  Հետհեղափոխական անցած մեկ տարում իշխանությունների կողմից երկրում նախաձեռնած գործընթացների վերաբերյալ Ձեր կողմից, որպես կանոն, տարբեր հարթակներում (նաև ֆեյսբուքյան) հիմնականում հնչեցվել են միայն քննադատող տեսակետներ, ինչը բնական է և ընկալելի: Բացառություն չէր նաև բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացի վերաբերյալ Ձեր օրերս հնչեցրած արձագանքը:

       Ֆեյսբուքում մասնավորապես գրել եք`. «Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։ Դա բանակ փլուզելու ձև է։ Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով: Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը:»։

       Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայոց բանակի համակազմը ամբողջովին համալրված է օտարերկրյա վարձկաններով ու սպաներով, իսկ մեր ժողովուրդը որևէ աղերս չունի բանակին ու նրա կյանքի անցուդարձին: Հայաստանի քաղաքացին չէ՞ արդյոք տասնամյակներ շարունակ իր զավակին (զավակներին) առկա սուղ միջոցներից ապահովել հագուստով, սնունդով, կենցաղային պարագաներով և բավարարել սպայական կազմի տարաբնույթ անօրինական ու անտրամաբանական խնդրանք-պահանջները: Տարիներ շարունակ շրջանառվող հայտնի «գոմեշի միս», «զինվորների մոտ պատերազմական իրավիճակում անհրաժեշտ քանակի զինամթերքի և տանկերում վառելիքի բացակայություն», «կանսեռվի բանկա-ազդարարման համակարգ», «չաստ նայող» և այլ ձևակերպումների մասին էլ ե՞ք նոր լսում, թե՞ առանձին գեներալներ այդ ամենի հետ որևէ առնչություն չունեն: 

       Երկրում և նրա սահմաններից դուրս բնակվող մեր քաղաքացիները տարիներ շարունակ երազել են, որ արդարությունն ու արդարադատությունը ներթափանցեն նաև ամենազգայուն ու նվիրական ոլորտը` զինված ուժեր, որ զինծառայողը պաշտպանված կլինի օրենքով և սպայական կազմը նրան արժանացնի հոգատար ու սրտացավ վերաբերմունքի: Բարձրագույն սպայակազմի առանձին ներկայացուցիչների օրինախախտության մասին փաստերի հանրայնացնելը նպատակ է հետապնդում մյուսներին հետագայում նման հնարավոր գայթակղությունից հեռու պահելը, ինչպես նաև  մեր հակառակորդին Հայոց բանակում ընթացող իրավական ու բարոյահոգեբանական մթնոլորտի էական առողջացման և զինվորի ու հասարակության մարտական ոգու վերելքի մասին իրազեկելը, ի շահ Հայաստանի  անվտանգության: Հասարակության տեղեկացվածությամբ «դիվիդենտ» չեն շահում, «PR» չեն անում ու բանակն էլ չի «փլուզվում», քանի որ բանակի արմատները սնուցվում են այդ նույն հասարակությունից և այն պետք է տեղեկացված լինի իր զավակների ծառայության պայմաններից, միջավայրից և սպայակազմի դրսևորվող վերաբերմունքից: Բանակային կյանքում իրականացվող ոչ ռազմական (գաղտնիք չպարունակող) գործընթացները պետք է հասու լինեն հասարակությանը, ինչն, ի հեճուկս Ձեզ, էապես կավելացնի պետության նկատմամբ վստահությունը: Նախկին տարիներին զինված ուժերում կատարված առերևույթ հանցագործությունների թաքցնելու արդյունքում են ձևավորվել և արմատացել ներկայումս առկա ցավոտ ու դժվար հաղթահարելի շատ դրսևորումներ:  

       Հարգելի քաղաքագետ, երբ տարիներ շարունակ բանակն իրապես փլուզվում էր, Դուք  լիովին  բավարարված էիք, իսկ երբ սկիզբ դրվեց բանակի բարեփոխումների դժվարին գործընթացին, Դուք սկսեցիք նեղսրտել: Մասնավորապես` այն բանից հետո, երբ երկրի բարձրաստիճան  ղեկավարների երեխաները սկսեցին ծառայել Հայոց բանակում, երբ փողով բանակից ազատվելը դարձավ անհնար, երբ կոռուպցիոն եղանակով տարկետումները վերացան, երբ պետությունն ամբողջապես հոգում է զինծառայողների կենցաղային և ծառայական կարիքները, երբ երկրի պետական սահմանների հսկողությունն իրականացվում է գերժամանակակից ազդարարող սարքավորումներով, երբ բանակը ինտենսիվ համալրվում է օդային և ցամաքային նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով, երբ խաղաղ պայմաններում զոհված ու խեղված զինծառայողների թիվն էապես կրճատվել է, երբ զինվորի կապն ընտանիքի հետ կանոնակարգվել է, երբ ոստիկանական հատուկ ջոկատայինները ցուցարարերին ծեծ ու ջարդի փոխարեն երկրի սահմաններն են պահպանում, երբ զինվորի սնունդի որակն ու տեսականին էապես լավացել ու ավելացել է և այսպես շարունակ:

       Ինչու՞ 20 տարի շարունակ երկրի բարձրագույն իշխանավորներին չէիք հարցնում, թե իրենց առողջ զավակներից քա՞նիսն են զինվորականի հագուստ կրել, ասել է թե ծառայել բանակում, իսկ ծառայողներից քա՞նիսն են ծառայությունն անցկացրել տանը, գեներալներից քա՞նիսն են հասարակությանը հայտնի առավելապես որպես ոլորտային խոշոր բիզնեսմեն, քան զորավար, բազմահարկ առանձնատներն ու շքեղ ամառանոցներն ի՞նչ միջոցներով են ձեռք բերել կամ իրենց գերդաստանի արական սեռի քա՞նի ներկայացուցիչ է բանակում ծառայել: Մի գուցե այդ տարիներին Դուք դեռևս քաղաքագետ չէիք կամ տեսողության ու լսողության լուրջ խնդիրներ  ունեիք և նշված գեներալների գումարների օգնությամբ եք վերջերս վերականգնել կորսված առողջությունը:

 Հ․Գ. Խորհուրդ կտայի այլևս չներկայանալ որպես քաղաքագտ ու չվիրավորել լուրջ մարդկանց: Դա կլինի Ձեր ամենամեծ ծառայությունը հայրենիքին ու կփրկի նաև բանակը փլուզումից:                                                                                                             

Արմեն  Գևորգյան