Առավոտյան ծաղկեփնջով եկավ դպրոց. Հացավանի դպրոցն այս տարի ունի մեկ շրջանավարտ

Գյուղը մայրաքաղաքին շատ մոտ է, բայց դպրոցի աշակերտների սակավաթիվ լինելը պայմանավորված է հիմնականում ցածր ծնելիությամբ, սոցիալական պայմաններով

Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ  ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS.am-ի հետ զրույցում  դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանը նշեց, որ դպրոցն ընդամենը 36 աշակերտ  ունի. Գագիկը սովորում էր եռահամակազմ դասարանում՝ 11-րդ եւ 10-րդ դասարանների եւս չորս աշակերտների հետ:

«Վերջին դասի, վերջին զանգի արարողությունն այս տարի մեր դպրոցում յուրօրինակ էր, անսովոր, բայց նույնքան հուզիչ, որքան մյուս բոլոր տարիներին: Պատճառն այն էր, որ շրջանավարտը մեկն էր՝ Գագիկ Թադեւոսյանը: Այսօր Գագիկին ճանապարհում ենք նոր հասուն կյանք: Միջին ընդունակությունների տեր տղա է Գագիկը: Կավարտի ու մի քանի ամսից կգնա բանակ: Վերջին ամիսներին երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնալ բանակ «Ես եմ» ծրագրով, թե՞ ոչ: Ի վերջո, ընտրեց երկամյա պարտադիր ժամկետային զինծառայությունը: Քանի որ Գագիկը սովորում էր նույն դասարանում 3 տասներորդցիների եւ 1 տասնմեկերորդցու հետ, ուստի այսօր նրանք ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով ճանապարհ դրեցին իրենց ընկերոջը»,-պատմեց Սուսաննա Սահակյանը:

Տնօրենը նշեց, որ Գագիկն առավոտյան ծաղկեփնջով եւ տորթով եկել է դպրոց, դասարանում հավաքվել են, ընկերներն արտասանել են, երաժշտություն միացրել, ուրախացել: Դասղեկն ու ընկերները բարեմաղթանքի խոսքեր են ասել, կատակել, զրուցել.

«Ժապավենով զանգ ենք պատրաստել, ամրացրել նրա վերնաշապիկին, փորձել ենք անել հնարավորը, որպեսզի Գագիկի օրը հիշարժան դարձնենք՝ աշակերտների ոչ մեծ թվով, բայց բարձր տրամադրությամբ»,-ասաց Սուսաննա Սահակյանը:

Տիկին Սահակյանը նշեց, որ գյուղը մայրաքաղաքին շատ մոտ է, բայց դպրոցի աշակերտների սակավաթիվ լինելը պայմանավորված է հիմնականում ցածր ծնելիությամբ, սոցիալական պայմաններով:

Գյուղացիների զբաղմունքն, ինչպես բոլոր գյուղերում, գյուղատնտեսությունն ու հողագործությունն է:

Մայրաքաղաքին մոտ լինելով՝ շատերն աշխատանք են գտնում նաեւ մայրաքաղաքում: