Փաշինյանը պատանդ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շարունակում են կտրվել իրականությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շարունակում են կտրվել իրականությունից։ Նոր իշխանությունները հասարակությանը փորձում են համոզել, որ վարչապետ Փաշինյանի վարկանիշը գնալով աճում է, հակառակ այն բանի, որ նրա վերջին կոչին փողոց դուրս եկավ միայն 1100 մարդ։  Որպեսզի այս թիվը տարընթերցումների տեղիք չտա, նշենք, որ այն հրապարակել է Փաշինյանի աջակից Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությունը։

Փաշինյանի մամուլի խոսնակ, Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը երեկ ի լուր աշխարհի հայտնել է, որ վարչապետ Փաշինյանի վարկանիշը առավել բարձրացել է, քան ամիսներ առաջ էր։

Իրականում, եթե վարչապետ Փաշինյանը խնդիր չունենար վարկանիշի, ապա ամեն հարմար ու անհարմար առիթի իր թիմակիցները այդ մասին չէին խոսի։ Եթե նա վարկանիշի խնդիր չունենար, ավելի շատ մարդ դուրս կգար փողոց, և իր պատգամավորները, թաղապետները և պետական այլ հիմնարկների աշխատողները ստիպված չէին լինի ցուցարարի դեր կատարել և փակել դատարանների մուտքերը։

Վարչապետ Փաշինյանի իրական վարկանիշը մարդկանց սոցիալական վիճակի փոփոխությունն է։ Ինչու պետք է մարդիկ ավելի շատ սկսկեն հավատալ մի գործչի, որը պոպուլիստ է և դատարկ խոստումներից բացի մեկ տարվա ընթացքում որևէ ուրիշ բան չի արել։ 

Փաշինյանն ու իր թիմը ամեն բան անում են հանուն վարկանիշի։ Նրանց քաղաքական օրակարգը դա է, և առավել ցավալի է, որ իրենք հավատում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց ֆեյքերի կողմից հորինված վարկանիշին։ Փաշինյանը «պատանդ» է իր հորինած վարկանիշի ձեռքին։ Եվ որպեսզի հորինված վարկանիշը պահպանվի, նա ստիպված է ամեն անգամ առավել պոպուլիստ և իրեն ու իր թիմին ծիծաղելի դրության մեջ դնող որոշումներ կայացնել։ Այդ որոշումներից վերջինը դատարանների աննպատակ շրջափակումն էր, որը միջազգային լուրջ հակազդեցություն ծնեց։

Եվ եթե Փաշինյանի թիմում կա մեկը, ով իրականում ցանկանում է, որ նոր իշխանությունները հաջողեն, ապա պետք է ամեն բան անի, որպեսզի կառավարության ղեկավարը և իր թիմակիցները դուրս գան «Ֆեյսբուք»-ից և դադարեն հավատալ տարատեսակ սոցիոլգիական կազմակերպությունների հորինած տվյալներին, գրում է politik.am: