Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի հրապարակման վերաբերյալ հայտարարեց, որ պայմանավորված ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունների վերաբերյալ» հրապարակման ենթակա ցանկի գործող ձևաչափով (որով հրապարակվել են մինչև 30.09.2018թ. ընգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը)՝ հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանցում ներառված չեն հարկային պարտավորությունների ձևավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները (մասնավորապես` ըստ հարկատեսակների եկամուտների հաշվեգրման պահը, ուսումնասիրությունների, հարկային հաշվարկների ճշտումների, դատարանի որոշումների և այլ հիմքերով միասնական գանձապետական հաշվին վերադարձված գումարները և այլն): Ելնելով էլ վերոգրյալից՝ հարկային մարմինները վերամշակել են կառավարության համապատասխան որոշումը, որով ամբողջականացրել են վերոհիշյալ ցուցանիշները, և, ելնելով այն հանգամանքից, որ նոր մեթոդաբանությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մեջ առաջացրել են որոշակի հարցեր, ՊԵԿ-ը վերահրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշորների գործող որոշմամբ սահմանված ձևաչափին համապատասխանող ցուցանիշները:
Համաձայն 1000 խոշոր հարկ վճարողների վերահրապարակված ցանկի՝ 2019թ. առաջին եռամսյակում հանրապետության թիվ մեկ հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 13.57 մլրդ հարկերով: Սրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» ընկերությունը (12.83 մլրդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (6.68 մլրդ), Հայաստանի էլեկտրական ցանցերը (4.54 մլրդ), «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (4.29 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (3.95 մլրդ), «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշնը» (3.76 մլրդ), «Ֆլեշը» ( 3.75 մլրդ), «Ակվիլոն Թրեյդը» (3.41 մլրդ) և առաջատար տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը՝ վճարած 2.79 մլրդ դրամի հարկերով:
Նշենք, որ 2018թ. առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակն ուներ հետևյալ տեսքը. «Գազպրոմ Արմենիա» (13.99 մլրդ), «Գրանդ Տոբակո» (8.07մլրդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (4.10), «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշնը» (3.81 մլրդ), «Ալեքս Հոլդինգ» (3.35 մլրդ), Հայաստանի էլեկտրական ցանցեր (2.59 մլրդ), «Ֆլեշ» (2.51 մլրդ), «Գեոպրոմայնինգ Գոլդ» (2.49 մլրդ), «Յուքոմ» (2.47 մլրդ) և առաջին տասնյակը եզրափակում էր «Արմենիա Քափր պրոգրամ» ընկերությունը (2.34 մլրդ):
Փաստորեն մեկ տարի անց առաջին տասը խոշոր հարկատուների ցուցակում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները. «Գազպրոմ Արմենիան» պահպանել է իր դիրքերը՝ վճարած հարկերը ավելացնելով 0.42 մլրդ դրամով: «Գրանդ Տոբակոն» ևս պահպանել է երկրորդ հորիզոնականը, բայց հարկերի ծավալը մեծացնելով ավելի քան 4.7 մլրդ դրամով: Երրորդ հարկատուն եղած ու մնացած Զանգեզուրի կոմբինատը հարկերի ծավալն ավելացրել է ավելի քան 1/3-ով: ՀԷՑ-ը գրեթե 2 մլրդ դրամով ավելացնելով հարկային վճարումները՝ 6-րդից դարձել է հանրապետության 4-րդ հարկատուն: Գրեթե 1.8 մլրդ դրամով էլ մեծացել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության վճարած հարկերը: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», որ անցած տարվա առաջին եռամսյակում վճարած 2.04 մլրդ դրամի հարկերով հանրապետության 12-րդ հարկատուն էր, 1.9 մլրդ դրամով ավելի հարկ վճարելով՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 6-րդ խոշոր հարկատուն է: Հաջորդում է «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշնը», որն այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 500 մլն դրամով նվազեցրել է վճարած հարկերը: Գրեթե 50%-ով ավելացել է «Ֆլեշի» վճարած հարկերի ծավալը: 2018թ. առաջին եռամսյակում 101-րդ հարկատու (վճարած 331 մլն դրամ հարկ) «Ակվիլիոն Թրեյդը» ավելի քան տասնապատիկ ավելացնելով հարկային մուտքերը՝ դարձել է հանրապետության 9-րդ հարկատուն: Ընդ որում, հիմնականում առևտրով զբաղվող այս ընկերությունը երեք-չորս տարի է, որ գոյություն ունի հայաստանյան շուկայում: 2018թ. առաջին եռամսյակում վճարած 1.66 մլրդ դրամ հարկերով 17-րդ հարկատու հանդիսացած «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 1.1 մլրդ դրամ հարկեր ավելի վճարելով՝ եզրափակում է ամենախոշոր հարկատուների առաջին տասնյակը:
2018թ. առաջին եռամսյակում 3.35 մլրդ դրամ հարկ վճարած «Ալեքս Հոլդինգը» թավշյա հեղափոխությունից հետո վերանվանվել է «Ալեքս էնդ հոլդինգ» և վճարած 1.31 մլրդ հարկերով 21-րդ հարկատուն է: «Ալեքս տեքստիլը» 326 մլն-ով 126-րդ տեղում է: 2018թ. 9-րդ հարկատու հանդիսացող «Յուքոմ» ընկերությունը այս տարի 2.06 մլրդ հարկերով 14-րդն է, իսկ տասնյակը եզրափակած «Արմենիա Քափր պրոգրամ»ը՝ նույն ինքը «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ն, ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:
Համեմատության համար նշենք, որ 2019թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 221 մլրդ դրամի հարկ: 2018թ. նույն ժամանակահատվածում նրանց վճարածը կազմել է 178.577 մլրդ:
2019թ.-ին հանրապետության 10 ամենախոշոր հարկատուները միասին վճարել են 59.6 մլրդ դրամ, 2018թ.-ին՝ 45.7 մլրդ դրամ: 100 ամենախոշոր հարկատուները 132 մլրդ դրամ հարկ են վճարել 2019թ.-ին և 110.6 մլրդ՝ 2018թ.-ի առաջին եռամսյակում: Եթե այս տարվա առաջին եռամսյակում առաջին 10 խոշորները վճարել են հազարի վճարածի գրեթե 27%-ը, ապա անցած տարի՝ 25.5%-ը: Նույն կերպ այս տարի 100 խոշորները վճարել են հազարի վճարածի գրեթե 60%-ը, անցած տարի՝ գրեթե 62%-ը:
Ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի առումով անցած տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած էական որևէ փոփոխություն չի արձանագրվել: Գրեթե բոլոր ցուցանիշների համեմատություններում նույն պատկերն է, 1-2 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատությամբ, ինչպես որ նախկին մի քանի տարիներին է եղել:
Հրապարակվածում ամենաարտառոցը թերևս «Ալեքս հոլդինգի» դուրս մնալն է առաջին տասը խոշոր հարկատուների ցուցակից, որովհետև վերջինս վերջին մի քանի տարիներին որոշակի վայրիվերումներով առաջին տասնյակում միշտ կար, իսկ այս անգամ նույնիսկ առաջին 20-ի մեջ չկա: Նույն կերպ ինտրիգային է նաև մեծածախ առևտրող զբաղվող «Ակվիլիոն Թրեյդի» գործունեությունը, որ 2015-16թթ. ընդհանրապես գոյություն չուներ, մինչդեռ հիմա հանրապետության 10 խոշոր հարկատուների մեջ է:
0Comments