Դավիթ Տոնոյանի ու Արթուր Վանեցյանի վարկանիշը բարձրացել է

Նախարարներից ամենացածր գնահատականը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3.37 բալ

Հայաստանում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 89.0 %, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առավելագույն ցուցանիշը եղել է 85.2 %: Այդ մասին այսօր՝ մայիսի 22–ին,  ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

«GALLUP International association»-ը 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը հետազոտություններ է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում: Դեմ առ դեմ իրականացված հետազոտություններին մասնակցել է 1106 հոգի, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս:

Ըստ հետազոտությունների՝ 1106 հոգուց 89,0 % հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը, իսկ 6,3 %` հավանություն չի տալիս: ՀՀ կառավարության աշխատանքը 62,4 % հավանության է արժանացրել, իսկ 26,2 %` հավանություն չի տալիս: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրերի ընթացքում գործելաոճի գնահատականը, ընդհանուր առմամբ, դրական տիրույթում է: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենաբարձր ցուցանիշը, մեր հարցումներով, եղել է 85.2%: Ազգային ժողովի գործունեությունը ժողովրդի 24.4 % գնահատել է լավ, իսկ ՀՀ նախագահինը՝ 76.0 %: Առանձին նախարարների գործունեությունը հարցված քաղաքացիները գնահատել են 1-5 բալային համակարգով: «Գերազանցիկների» շարքում 5 հոգի է՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 4.35 բալ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 4.09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ 4.1 բալ»,- ասաց Նավասարդյանը։

Նա շեշտեց, որ նախարարներից ամենացածր գնահատականը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3.37 բալ։

Հարցվածների 21,4 % նշել է, որ լիովին բավարարված է իր կյանքով, ավելի շուտ բավարարված է 46,3 տոկոսը, ավելի շուտ բավարարված չեն 17,9 %ը և 14 % ընդհանրապես բավարարված չէ: 2017 թվականի նոյեմբերին լիովին բավարարված եղել է 15,5 %, այսինքն` այս տարի գրանցվել է 5,9 % աճ: Երկրի ներկա տնտեսական վիճակի վերաբերյալ կարծիքը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա նոյեմբերին անցկացված հարցումներից (սրանք այն պատկերացումներն են, որոնք ունեն մեր քաղաքացիները). լավ է գնահատել 46,7 %, որը 20,4% ավելին է, քան 2017 թվականի նոյեմբերին: Հանրապետությունում հարցվածների 13,5 %  կարծում է, որ մեկ տարի անց կսկսի զգալիորեն ավելի լավ ապրել, քան ներկայում, իսկ 47,5 %` որոշ չափով լավ: 3,4 % կարծիքով մեկ տարի անց իրենք կապրեն զգալիորեն ավելի վատ։