Հրաժարականներից լուր չկա

Երկու օր է անցել, և որևէ դատավորի հրաժարականի մասին հանրությանը հայտնի չէ, սա նշանակում է, որ կա'մ հեղափոխության առաջնորդի խոսքն այլևս չունի նախկին արժեքը, կամ էլ դատավորները հրաժարավել են կատարել վարչապետի պահանջը

Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ մայիսի 20-ի հայտնի ելույթից արդեն երկու օր է անցել, սակայն Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր հրաժարական չի տվել: Ինչպես հայտնի է, Փաշինյանը դատավորներին ներկյացրել է 5 հիմնական պահանջ, որի երրորդ կետում ասվում էր բառացիորեն հետևյալը. <<Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին>>: Փաստորեն երյկու օր է անցել, և որևէ դատավորի հրաժարականի մասին հանրությանը հայտնի չէ: Սա նշանակում է, որ կա'մ հեղափոխության առաջնորդի խոսքն այլևս չունի նախկին արժեքը, կա'մ էլ դատավորները հրաժարավել են կատարել վարչապետի պահանջը:

Ավելին` որոշ դատավորներ անգամ բացահայտ հայտարարել են, որ ոչ մի հրաժարական էլ չեն ներկայացնելու: Նույն ինքը` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը, պատասխանելով armlur.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրաժարականի դիմում գրել` անսալով վարչապետի կոչին, ասել է. <<Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ: Եթե գտնեմ, որ գրելու եմ, Դուք առաջինը կիմանաք>>:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից` պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հիմքով, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասել էր, որ հրաժարական կտա երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և երբ լրանա իր 65 տարեկանը։ Մնացած դատավորները ևս հրաժարականի ցանկություն չեն հայտնել:<<Անձը եթե հրաժարական տալու լինի՝ կտա, առանց նման կոչերի էլ կտա, ո՞րն է դրա իրավակարգավորումը։ Դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես օրենքով նախատեսված կարգով և դրա իմաստն այն է, որ դատավորը կախում չունենա այդ թվում երկրի վարչապետից, և իրեն հաճո դատական ակտեր չկայացնի>>,- սա էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի կարծիքն է:
Իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողներին ասել է, որ անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ: Վեթինգի արդյունքում բոլոր այն դատավորները, ովքեր չեն համապատասխանի չափանիշներին, կհեռացվեն զբաղեցրած պաշտոնից:
Ըստ նրա` մեխանիզմները պետք է մշակվեն` միջազգային փորձով ու տեղայնացնելով: Զեյնալյանը համոզմունք է հայտնել, որ վեթինգն անցումային արդարադատության հետ որևէ առնչություն չունի, դրանք տարբեր ինստիտուտներ են. «Անցումային արդարադատությունը պետք է միտված լինի հաշտեցմանը, սա հետապնդման, վրեժի լուծման գործիք չէ: Չի կարելի ընկալել որպես վրեժի գործիք»: Ինչ վերաբերում է հրաժարական տալու դատավորներին ուղղված Փաշինյանի կոչին, Զեյնալյանը կարծում է, որ դա եղել է քաղաքական կոչ և ուղերձ այն դատավորներին, ովքեր կգտնեն, կգնահատեն, որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ իրավունք, քան ՀՀ սահմանադրությամբ է ամրագրված: Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ, ովքեր կորոշեն հեռանալ:
Ոչ ոք նման որոշում չկայացրեց: Վարչապետի պահանջները մնացին անկատար: