ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ փաթեթն ամբողջական չէ, տրվել է լրացման. Վահան Կոստանյան

Նախաձեռնությանը միացել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավոր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսնակ Վահան Կոստանյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը գումարվելո՞ւ է, թե՞ ոչ, ասաց, որ փաթեթն ամբողջական չէր և տրվել է լրացման, հիմա ուսումնասիրվում է դրա ամբողջականությունը։  

«Հայտարարության նախագիծ չկար։ Հիմա ուղարկել են։ Փաթեթն ըստ ընթացակարգի ուսումնասիրվում է»,- ասաց Վահան Կոստանյանը: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, երբ նրա կոչով քաղաքացիները մայիսի 20-ին փակեցին դատարանների ելքերն ու մուտքերը:

Նախաձեռնությանը միացել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավոր։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ նախնական համաձայնություն կա «Իմ քայլը» խմբակցության հետ, և որ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին: