Կարելի է ստեղծել նոր անկանխատեսելի երևույթներ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը նշեց աշխարհի բոլոր համալսարանները փնտրում են տաղանդներ, և Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան

«Գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը ՀՀ կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ այս կարգի միջոցումներից բացի՝ մենք մեր գիտական և փորձագիտական հանրության հետ այլ կարգի խողովակներով ևս շփում ունենք»,- այսօր ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ կառավարությունը շատ ինտենսիվությամբ աշխատում է գյուղատնտեսությունում փոքր և չօգտագործվող հողակտորների խնդրի վրա, որ չօգտագործվող հողակտորները կարողանան շրջանառության մեջ դնել. «Այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, դա՝ քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան և սեփականության իրավունքը պաշտպանվի»:

Հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը Ն.Փաշինյանը կարևոր տեղ տվեց և նշեց, որ օրենսդրական փաթեթ է մշակվել, որը հունիսի մեկից մտնում է ուժի մեջ: Ըստ նրա՝ այն անխուսափելի է դարձնելու հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին բացահայտելը, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել.

«Հանքարդյունաբերության արտահանման 90%-ը խտանյութ է, պետությունն ունի հանքահումքային երկրի կարգավիճակ: Մեր խնդիրն է՝ հանքարդյունաբերության այս ցիկլը հնարավորինս երկարացնել: Կառավարությունը քննարկումներ ունի, մի քանի ներդրումային առաջարկություներ կան, հույս ունենք, որ դրանցից գոնե մեկն իրականություն կդառնա: Այստեղ, իհարկե, շատ բան որոշում է ընթացիկ կոնյունկտուրան և մետաղների գները երկարատև հեռանկարում, բայց կարծես կա դրական միտում»:

ՀՀ վարչապետը նշեց, որ ռազմական ծախսերը բյուջեում բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Նա համաձայնեց, որ այս ծախսը կարող է ոչ թե բեռ լինել, այլ հնարավորություն՝ տնտեսությունը զարգացնելու համար: Նա նկատեց, որ այս նպատակով է, որ ՀՀ-ում ստեղծվում է բարձր տեխնոլոգիաների նախարարություն:

«Լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները, որովհետև տեխնոլոգիական միջոցն է, որը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային սահմանափակումները և բոլոր այլ սահմանափակումները: Աշխարհում մի հոլովակ է պտտվում 20 առաջատար ընկերությունների մասին: Եթե 25 տարի առաջ այդ ընկերությունները հիմնված էին նավթի ու գազի վրա, հիմա փոխվել է և նրանք են առաջատարներ, որոնք ստեղծվել են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա:

Սա տնտեսության նոր կառուցակարգ է և նշանակում է, որ կարելի է ստեղծել նոր անկանխատեսելի երևույթներ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը: Սրա համար հիմք է դարձել այն, որ արդյունավետությունը դարձել է մտքի կարևոր հենասյուն: Արդյունավետությունը, տեխնոլոգիական մտածողությունը մենք պետք է փորձենք մեզ համար դարձնել մենթալիտետ: Եվ այստեղ առաջնակարգ նշանակություն ունի կրթական համակարգը՝ ի՞նչ ենք տալիս երեխային, ինչի՞ համար և ի՞նչ ենք ստանալու դրա արդյունքում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չպետք է լինեն այնպիսի երևույթներ, սկսած քաղաքական համակարգից, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, չի ստացվի, միևնույն է, ոչինչ չի փոխվի, և այլն. «ՀՀ-ում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է: Սա այն ֆենոմենն է, որ իր հետևից բերում է աղքատություն, երկրում փախեփախի մթնոլորտն է ձևավորվում: Այս մտածողությունը փոխելը մեր գերագույն խնդիրն է, և սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք կարողացել ենք սա անել, քաղաքական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների»:

Ն.Փաշինյանը նաև նշեց, որ աշխարհի բոլոր համալսարանները փնտրում են տաղանդներ, և Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. «Ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք դրան»: