Նիկոլ Փաշինյանի վտանգավոր արկածները

Նիկոլ Փաշինյանը իսկական դետեկտիվ բեմադրեց՝ ցույց տալու, թե իբր ինքն այնքան հզոր է, որ ոչ մեկ չի կարող իրեն ճնշել. Խոսքն այս պարագայում Ռուսաստանի եւ նրա իշխանության մասին է

Դատական համակարգում Նիկոլ Փաշինյանի ստեղծած Սոդոմ-գոմորը ոչ այլ ինչ էր, քան պարտված Հայաստանում հանրային ուշադրությունը սեփական ապաշնորհ իշխանությունից շեղելու: Դա զուգահեռ առիթ կդառնա դատական իշխանությունում էլ ավտորիտար կառավարում ստանձնելու համար: Պարբերաբար Նիկոլ Փաշինյանը նման շոուներ բեմադրում է, հիշենք հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքը, ապա երթը, ինչպես նաեւ ասֆալտին փռելու, փատերին ծեփելու օպերացիաները: Երբ Փաշինյանը կերակրելու այլ տեսարաններ չի ունենում եւ հասկանում է, որ վարկանիշը անկում է ապրում, նա տաղանդավոր ներկայացումներ է ցուցադրում: Չէ՞ որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, ոչ տնտեսական հեղափոխությունն է քայլ անում, ոչ ներդրումային բում եղավ, ոչ էլ որեւէ խոստում, որը տվել են Փաշինյանն ու իր թիմը: Եւ ուրեմն այլ բան չի մնում, քան հանրությանը կերակրել տեսարաններով:

Քոչարյանի կալանքը փոխելու որոշման տակից Փաշինյանը խնդիր ուներ դուրս գալու: Դրա համար նախ մի շշմելու գրառում արեց, դատարանները արգելափակելու մասին, հետո ոչ պակաս շշմելու լայվ մտավ, դատական իշխանությունում բարեփոխման թեմային զուգահեռ խոսեց Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին, ասելով, որ ինքը դավադիր պատերազմի հոտ է առնում, որը ծրագրում են նախկին կոռուպցիոներ ուժերը, հետո Բակո Սահակյանին բերեց Հայաստան, փակ հանդիպում եղավ իշխող խմբակցության հետ, դատավորներն էլ առավոտից խուճապի մեջ են, պետությունը կաթվածահար վիճակում: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իսկական դետեկտիվ բեմադրեց՝ ցույց տալու, թե իբր ինքն այնքան հզոր է, որ ոչ մեկ չի կարող իրեն ճնշել. Խոսքն այս պարագայում Ռուսաստանի եւ նրա իշխանության մասին է: Մենք բազմիսց ենք գրել այն մասին, որ Ռուսաստանի համար Քոչարյանի ազատ արձակումը սկզբունքային հարց էր եւ այս խնդրով Փաշինյանի առջեւ պահանջ էր դրվել, որպեսզի մինչեւ Պուտինի հոկտեմբերյան այցը երկրորդ նախագահն ազատ արձակվի: Բնականաբար Նիկոլ Փաշինյանը չէր կարող չկատարել մեծ եղբոր կամքը, բայց չի կարող կորցնել նաեւ հանրության աչքում իր նկատմամբ վստահությունը, աթոռը պահելու փրկօղակը:

Նա անտեսեց, որ ձեռնարկում է հակասահմանադրական գործընթաց, երբ գործադիր եւ օրենսդիր մարմինը ճնշում են դատական իշխանությանը եւ փաստն այդ կարող է տարաբնույթ սանկցիաների առիթ դառնալ միջազգային արենալում: Իսկ ամենապակասը տարիներ անց Նիկոլ Փաշինյանին կարող են դատել նույն հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում, ինչը հիմա նա անում է Ռոբերտ Քոչարյանի հետ: