Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա

Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ հրապարակելով անցկացված հետազոտության արդյունքները
Live24.am-ը ներկայացնում է

Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրվա ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացույցի էկրանի առաջ մեկ ժամից ավել են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

ria.ru-ի փոխանցմամբ նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ հրապարակելով անցկացված հետազոտության արդյունքները:

Գիտնականները երեխաների առողջական վիճակի վերաբերյալ հարցում են անցկացրել  ծնողների շրջանում՝ հետաքրքրվելով երեխաների վարքագծում խնդիրների առկայության, նրանց զգայական վիճակի, զարգացման մասին: Բացի այդ նրանք հարցրել են՝ քանի ժամ են երեխաներն անցկացնում էկրանների առաջ:

Արդյունքում մասնագետները նկատել են, որ օրական մեկ ժամն արդեն բավական է, որպեսզի երեխայի հոգեկան վիճակը վատանա: Մասնավորապես, դա նկատվում է  հետաքրքրասիրության, ինքնավերահսկման, զգայական կայունության մակարդակաների նվազմամբ ու ավելի ցրված դառնալու փաստով:

Բացի այդ, երեխաների մոտ խոչընդոտներ են նկատվել հասակակիցների հետ շփման հարցում:

Մասնագետները նշել են, որ 14-17 տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ նկատվում է ընկճախտ ու անհանգստության զգացում: