Խորհրդավոր հիվանդությամբ աղջիկը արյունե արցունքներով է արտասվում

Հիվանդանոց յուրաքանչյուր այցի ժամանակ բժիշկները վկայակոչել են հետազոտության գերազանց արդյունքները եւ աղջկան տուն ուղարկել

Ավստրալիայից 17-ամյա Ալեքսիս Հարիսոնը խորհրդավոր հիվանդության է բախվել, որի պատճառը արդեն մի քանի ամիս է՝ բժիշկները չեն կարողանում պարզել: Աղջկա աչքերից եւ բերանից արյուն է հոսում, նաեւ տեղի են ունենում տարօրինակ նոպաներ:

9News լրատվական պորտալը հայտնում է, որ կես տարի առաջ Ալեքսիսը, որն աշխատում է մանկապարտեզում, լոգարանում սայթաքել է եւ ընկնելիս գլխին հարված ստացել: Հիվանդանոցում աղջկան զննել են եւ տուն ուղարկել:

Հաջորդ օրը նրա աչքից առաջին անգամ արյուն է հոսել, իսկ մի փոքր ավելի ուշ նոպա է տեղի ունեցել: Աղջկան հիվանդանոց են տարել, որտեղ կատարել են գլխի համակարգչային տոմոգրաֆիա: Պատկերում ուղեղի վնասվածքներ չկային, իսկ 3 ժամ հետո աղջկան տուն են ուղարկել: Աղջկա մոր խոսքով՝ Ալեքսիսը կիսաանգիտակից վիճակում էր, բայց բժիշկները վկայակոչել են հետազոտության արդյունքները եւ հավաստիացրել, որ ամեն ինչ լավ կլինի:

Դրանից հետո Ալեքսիսի աչքերից մի քանի անգամ արյուն է հոսել, իսկ նոպաներն ավելի երկար են տեւել: Սակայն հիվանդանոց յուրաքանչյուր այցի ժամանակ բժիշկները վկայակոչել են ՀՏ գերազանց արդյունքները եւ աղջկան տուն ուղարկել:

Ծնողները պնդել են գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցկացնել: Զննումը նույնպես ցույց է տվել, որ օրգանի վնասվածք չկա, իսկ բժիշկները ենթադրել են, որ նոպաները «հոգեբանական պատճառներ» ունեն:

Ակնաբույժը նույնպես աղջկա աչքերում ոչ մի վնասվածք չի հայտնաբերել, բայց հավելել է, որ դրանք չեն կարող «հոգեբանական պատճառով» արյունահոսել:

Միայն մայիսի սկզբին է աղջկա մայրը հայտնաբերել, որ այս ամբողջ ընթացքում բժիշկները նայել են այլ պացիենտի ՀՏ պատկերները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Ալեքսիսի քթի հարքթային ծոցում ինչ-որ զանգված կա, սակայն բժիշկները կասկածում են, որ դա ինչ-որ կերպ կապված է նոպաների եւ արյունե արցունքների հետ:

Հիմա աղջկա նոպաները տեւում են մինչեւ 3 ժամ, իսկ արյունը հոսում է 2 աչքերից, քթից եւ բերանից: Ավստրալուհին չի կարողանում աշխատել եւ մեքենա վարել, ծագել են նաեւ սովորելու հետ կապված խնդիրներ:

Այլ բժշկական հաստատությունների բժիշկները չեն համաձայնում զբաղվել Ալեքսիսի դեպքով, քանի որ «համանման որեւէ բանի չեն հանդիպել»: